Այս քրեական գործով զբաղվել է Ասկերանի կայազորի զինվորական դատախազությունը: Մեղադրական եզրակացության համաձայն, Խիրազ Ամիրխանյանը հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանին ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել իր իսկ որովայնի շրջանին` կատարելով անդամախեղում`զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով:

 

Բացի վերը նշվածից, ըստ մեղադրական եզրակացության, պարզվել է, որ Խ. Ամիրխանյանը հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվել է հանցագործության մասին սուտ հաղորդում: Հասկանալի է, որ հանցագործության մասին սուտ հաղորդումը նույնպես քրեորեն պատժելի արարք է, սակայն գործը քննած կամ գոնե հիմա, դատաքննության ընթացքում քննողների մոտ արդյոք առաջացե՞լ է հարց, թե Խիրազ Ամիրխանյանն ինչո՞ւ է, ի՞նչ հանգամանքներից կամ պայմաններից ստիպված է նման ծայրահեղ քայլի գնացել` ինքնաձիգից կրակել իր որովայնին, չունենալով որևէ երաշխիք, որ ողջ կմնա:


Ինչո՞ւ է նա ծառայությունից խուսափելու նման խելահեղ քայլի գնացել, եթե ծառայակիցների կամ հրամանատարների հետ հարաբերությունները նորմալ լինեին, նա կկրակե՞ր իր որովայնի շրջանին: Հետևաբար նրա հետ միասին կամ նրա փոխարեն ինչո՞ւ չեն մեղադրվել ու դատվում այն մարդիկ, ովքեր զինվորին այդ վիճակին են հասցրել:


Բացի վերոնշյալից, Խ. Ամիրխանյանի հիշյալ արարքին, մեր կարծիքով, միանգամայն սխալ քրեաիրավական գնահատական է տրվել: Ի՞նչ անդամախեղում… Մարդը ինքնաձիգից կրակել է իր որովայնի շրջանին` որևէ երաշխիք չունենալով, որ ողջ կմնա, դա ինքնախեղո՞ւմ եղավ… Ինքնախեղում կլիներ, եթե, օրինակ, իր ձեռքին կամ ոտնաթաթին կրակեր, մինչդեռ կատարվածը, ինչպես պարզ տրամաբանությունն է հուշում, ինքնասպանության փորձ է, որը զուտ բարեբախտությամբ չի ավարտվել ողբերգությամբ: Եվ այս դեպքում բնավ կարևոր չէ` Խ. Ամիրխանյանն ինքնախոստովանական ցուցմունք տվե՞լ է, թե ոչ: Հասկանալի է, թե դրանք ինչ պայմաններում և ինչպես են ձեռք բերվում

 

Բնականաբար, հարց է առաջանում, թե այդ դեպքում տվյալ արարքին ինչո՞ւ քրեաիրավական ճիշտ որակում չի տրվել:

 

Պատճառը, կարծում ենք, պարզ է` եթե Խ. Ամիրխանյանի արարքը գնահատվեր որպես ինքնասպանության փորձ, հարկ կլիներ պարզել ու մեղադրել նաև այն անձին կամ անձանց, ովքեր զինվորին հասցրել են այդ հուսահատ վիճակին, մղել վերոնշյալ ծայրահեղ քայլին: Սակայն կատարվածի համար մեղադրել ու դատում են միայն Խիրազ Ամիրխանյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի («Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը») 4-րդ մասի և 333-րդ հոդվածի («Սուտ մատնությունը») 2-րդ մասի հատկանիշներով:

 

Արթուր Հովհաննիսյան