Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կունենան ՌԴ ԱԳՆ-ում, ապա կարգավորման գործընթացը կքննարկեն Ռուսաստանի ԱԳ ղեկավարության հետ: Սա, թերևս, ռուսական կողմի  հերթական նախաձեռնությունն է` ուղղված Լավրովի պլանի վերակենդանացմանը:


Հիշեցնենք, որ հրապարակային դարձած ևպաշտոնապես չհերքված այս նախաձեռնությունը միտված է ոչ թեհակամարտության համապարփակ կարգավորմանը, այլ դրա որոշ հետևանքների վերացմանը, տարածաշրջանում ռուսական ազդեցության ամրապնդմանը:


Ռուսական պլանը, մասնավորապես, տարածքային զիջումներ է պարտադրում հայկական կողմին՝ հինգ կամ երկու շրջանի տեսքով՝ ԼՂՀ միջանկյալ անորոշ կարգավիճակի դիմաց:

 

Պուտին-Սարգսյան-Ալիև պետերբուրգյան հանդիպումն արմատապես տարբերվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած բանակցություններից՝ դրանում քննարկվել են հակամարտության կարգավորման, իսկ ավելի ճիշտ՝ դրա հետևանքների վերացման կոնկրետ դրվագներ:

 

Ադրբեջանի իշխանությունները ռուսական նախաձեռնությունից ոգևորված են: Բաքուն փորձում էր այդ տարածքները կորզել, բայց քառօրյա պատերզամի ընթացքում ձախողվեց, հիմա Ալիևի վարչակազմն իր ցանկություններին Կրեմլի աջակցությամբ փորձում է հագուրդ տալ:

 

«Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են»,- օրերս Թբիլիսիում իր վրաստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

 

Բաքուն հեռակա հորդորում է Մոսկվային՝ լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա: 


Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը բավականին լղոզված հակասական և իրադրային է: Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումից հետո հայկական կողմը կտրականապես հեքում էր, որ գոյություն ունի կարգավորման ռուսական կամ լավրովյան սցենար: Հետո սկսեցին երկչոտ անհամաձայնություններ հայտնել, իրենց իսկ պնդմամբ՝ գոյություն չունեցող պլանի մասով:

 

Սիրիայում իրավիճակի աննախադեպ թեժացումը, Ուկրաինայում նոր ճգնաժամի հասունացումը, ԼՂՀ  խնդիրը դարձյալ դուրս բերեցին աշխարհի ուժային կենտրոնների օրակարգի առաջնահերթություներից:

 

Բացի այդ, Հայաստանի իշխանության միջանցքներում հասկացան, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ԱՄՆ-ն չի պատրաստվում նախաձեռնությունը զիջել Մոսկվային և, ըստ ամենայնի, ընդդիմանում է Լավրովի պլանին:

 

Ի դեպ, անցած շաբաթ այդ մասին գրեթե բացահայտ հայտարարեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Այս համատեքստում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների տեսակետները հասարակական տրամադրություններին դարձան ավելի կտրուկ և համարժեք: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և մյուսները բացառեցին միակողմանի զիջումների հնարավորությունը: 

 

Սեպտեմբերի 8-ին Մոսկվան իր գործընկերներին առաջարկելու է վերակենդանացնել Լավրովի պլանը կամ ներկայացնելու է միանգամայն նոր օրակարգ:

 

Դժվար է կանխատեսումներ անել, սակայն ակնհայտ է, որ սիրիական պատերազմում և ուկրաինական ճգնաժամում թաթախված Ռուսաստանը չունի քաղաքական ֆինանսական ռեսուրսներ ԼՂ խնդրում միակողմանի լուծումներ պարտադրելու համար:

 

Գուցե հենց սեպտեմբերի 8-ին վերջակետ է դրվելու Լավրովի տխրահռչակ պլանին:


Սարգիս Հակոբյան