Այսօր համացանցում տարածվեց մի տեղեկություն, համաձայն որի` Իրանը չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը` սկսած մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած ավտոմեքենայից գանձելու է 120 դոլար: Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը, չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները, 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոմեքենաներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:
Փաստորեն, երկար ժամանակ իշխանությունները փորձում էին մոլորեցնել հայ հանրությանը` պնդելով, որ մենք որևէ խնդիր Իրանի հետ չունենք: Արդյո՞ք սա դիլետանտության և ապաշնորհ քաղաքականության հերթական դրսևորումն է, թե սրա տակ շատ ավելի խորքային պրոցեսներ են, դիցուք՝ Բոլթոնի հայտնի հորդորի իրականացումը: Գաղտնիք չէ, որ Ջոն Բոլթոնը, իսկ նրա շուրթերով` Արևմուտքը, պահանջում էր Հայաստանից վերանայել հարաբերությունները Իրանի հետ` դրա դիմաց խոստանալով ֆինանսական օգնություն:
Այնուհետև ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունն ականաջալուր է եղել Բոլթոնի այս կոչին: Սկզբում` ՔՊ-ականներն ԱԺ ամբիոնից Իրանը անվանեցին ավտորիտար պետություն, ինչն, անշուշտ, բավական լուրջ վրիպում էր հայ պաշտոնյաների կողմից: Այնուհետև ինքը` Փաշինյանը, հայ-իրանական սահմանը հայտարարեց համարյա թե նարկոթրաֆիկի որջ և նույնիսկ չբացառեց, որ այդ սահմանը օրերից մի օր կարող է փակվել: Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը Ադրբեջանին բավական լուրջ խնդիրներ ստեղծեց ոչ միայն հայկական, այլ նաև իրանական կողմի համար: Այժմ էլ պարզվում է՝ Փաշինյանի թիմը որոշել է էլ ավելի հեռուն գնալ, իսկ իրանական կողմն այս անգամ որոշել է չլռել;
Հետաքրքիր է, դեռ որքա՞ն են օրվա իշխանությունները շարունակելու խաղալ այս վտանգավոր խաղը՝ նժարին դնելով Հայաստանի և հայ ժողովրդի շահերը...