Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան «բանակցությունները խափանելու մեջ»։ Նա նաեւ սենսացիոն մանրամասներ էր հայտնել իր եւ Փաշինյանի՝ հետկուլիսային խորհրդակցությունների մասին։ Ալիեւը ուղիղ տեքստով հայտարարեց, որ իշխանության գալով, Հայաստանի վարչապետը հուսադրող ազդակներ է սկսել ուղարկել ադրբեջանական կողմին։ Ուշագրավն այն է, որ Փաշինյանը երկար լռությունից հետո ոչ միայն չի հերքել որոշակի պայմանավորվածության առկայությունը, այլև պարզապես կոչ է արել Ալիևին չմտնել կոնֆիդենցիալ տեղեկատվության տարածման դաշտ, քանի որ դա կարող է պայթեցնել Ադրբեջանը հենց ներսից:
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ՝ քննադատելով Արցախի հարցում նախորդ իշխանությունների ոչ թափանցիկ կեղցվածքը, և ինքը՝ Փաշինյանը, դեռ հեղափոխական ամբիոններից էր խոստանում, որ առնվազն այս հարցում ժողովուրդը իմանալու է իշխանությունների յուրաքանչյուր քայլի մասին: Ընդամենը երկու տարի անց ԱԺ ամբիոնից Փաշինյանը պետք է հայտարարեր՝ ինչ պետք է այն էլ բանակցում ենք և հրաժարվեր բացահայտել բանակցություններում քննարկվող բովանդակային հարցերը: Այդ գաղտնապահությունը Փաշինյանի մոտ սկիզբ առավ անմիջապես ԱՄՆ անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո: Դրանից հետո օրակարգ մտավ Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ, Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում, անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո, խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար:
Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր:
Միանշանակ է, որ Բոլթոնի պլանը, առնվազն մի մասը՝ ՌԴ և Իրանի հետ հարաբերությունների սառեցումը, Փաշինյանի մոտ հաջողությամբ ստացվել է: Ասվածի վառ ապացույց է Իրանի կողմից ՀՀ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքը՝ երեք օր անց, բացի այդ առաջին անգամ Թեհրանում ՀՀ դեսպանության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Իսրայելի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորման և Թել Ավիվում դեսպանություն հիմնելու: ՌԴ կողմից էլ արդեն երկար ժամանակ է, ինչ բացահայտ մեսիջներ են հղվում Հայաստանին՝ հասկացնելու համար, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները թիկունից հարված են տարածաշրջանում ՌԴ կենսական շահերին: Մոսկվան անգամ ԱԳՆ ղեկավար Լավրովի շուրթերով հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները բանակցում են փուլային տարբերակի շուրջ:
Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները մի ուշագրավ հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես կողմերին կոչ էին անում զերծ մնալ այս փուլում բանակցային պրոցեսի մասին տեղեկատվություն տարածելուց: Շատ փորձագետների կարծիքով նման ձևակերպումը մտցվել էր հենց պաշտոնական Երևանի առաջարկությամբ, որպեսզի Փաշինյանը հնարավորություն ունենա ժամանակ շահել: Սակայն ինչի՞ համար: Ինչպես պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի պնդումներից՝ ներքին քաղաքական խնդիրները լուծելու, աթոռը ամրապնդելու համար: Դրա համար էր նաև անհրաժեշտ չկրակելու մասին համաձայնությունը: «Վերելակային» դիվանագիտության արդյունքում, իրոք, սկսեցին քիչ կրակել, բայց հետաքրքիր է արձանագրել, թե ով ինչով էր զբաղված այդ հարաբերական անդորրի փուլում։ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր քաղաքական հետապնդումներով. քրգործեր հարուցելով իր համար անցանկալի մարդկանց դեմ, փորձելով իր կրնկի տակ առնել իշխանության բոլոր ճյուղերը և զուգահեռաբար հայ ժողովրդին քարոզչության միջոցով պատրաստելով խաղաղության։ Իսկ ահա Ալիևը, չկրակելու փուլն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժիներական աշխատանքներ կատարելու և Նախիջևանի կողմից դեպի մեզ առաջ գալու համար։
Մինսկի խմբի համանախագահների նման հայտարարությանը հաջորդեց ոչ պակաս ուշագրավը՝ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից արված: Նա մասնավորապես գրում էր՝ «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով՝ վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ,- ասել է նա' արձանագրելով,- Բաքուն շա՜տ է ուզում «առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած' արդյոք, վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։ Բացի այդ, ուշագրավ է Բրայզայի կողմից՝ Փաշինյանի իրավիճակի համեմատությունը այն իրավիճակի հետ, որում գտնվել են ՀՀ բոլոր նախկին ղեկավարները և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը: Ստացվում է՝ այժմ էլ միջազգային հանրությունը Փաշինյանից է ակնկալում քայլեր, բայց նրանք նույնիսկ նկատում են, որ ներսում ճնշում կա նրա նկատմամբ, ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տարիներին: Սակայն ովքե՞ր են ճնշում, և արդյո՞ք Փաշինյանի պայքարը նախորդ համակարգի ներկայացուցիչների հետ հենց այդ ճնշումները չեզոքացնելու փորձեր չեն: Եվ Փաշինյանի վերջին ակնարկը Ալիևին՝ կոնֆիդենցիալ տեղեկատվություն տարածելուց զերծ մնալու մասով, ցույց է տալիս, որ նրան կրկին ժամանակ է պետք, իսկ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ակտիվացումը, ԱՄՆ պետդեպից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հնչող հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ այդ ժամանակը Փաշինյանի համար սպառվել է, ակնհայտ է նաև, որ արցախյան բանակցությունները սեփական կետից սկսել խոստացող Փաշինյանը այսօր մոտեցել է մի վտանգավոր սահմանագծի, որն անցնելուց հետո մեր պետական և ազգային կորուստները կարող են լինել անդառնալի...