Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ Սեյրան Սարոյանի ծննդյան տարեդարձն է։ Սարոյանը բոլորեց իր 49-ամյակը։ Նա ծնվել է 1967 թվականին, Արմավիրի մարզի Հայկաշեն գյւողում։ Սեյրան Սարոյանն ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը, ՀՀ ՊՆ ակադեմիան և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները։
Սարոյանի մարտական ընկեր, Սյունիքի մարզի Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի կինը՝ պահեստազորի մայոր Անուշ Գուլյանը ԼՈՒՐԵՐ.com-ին է փոխանցել գեներալին ուղղված շնորհավորական նամակը, որը ներկայացնում ենք ստորև։
«Նրան առաջին անգամ տեսա Երևանի մարզահամերգային համալիրում մի միջոցառման ժամանակ։ Իմ ուշադրությունը գրավեց ճեմասրահում մարդկանց մի խմբով շրջապատված մարդը, ով ինչ-որ հետաքրքիր պատմություն էր պատմում, իսկ մյուսները լիաթոք ծիծաղում էին։ Ամուսնուցս՝ զինվորական Ղևոնդ Հովհաննիսյանից, իրազեկվեցի, որ նա ազատամարտիկ Սեյրան Սարոյանն էր, ում հետ Ղևոնդը հետագայում ուսանեց Հունաստանում։ Հետո, երբ ընտանեկան հավաքույթների ժամանակ ավելի մոտիկից ճանաչեցի Սեյրան Սարոյան մարդուն, հասկացա, թե ինչ մեծ հոգու, մարդկային գերագնահատելի արժեքների տեր մարդ է նա, ում կերպարը չփոխեցին անգամ գեներալի ուսադիրները։ Միշտ մնաց մարդկային իր որակի մեջ։
Մեր ընտանիքը նրա արժանիքների մասին ավելի լավ պատկերացում ունեցավ, երբ անսպասելիորեն կյանքից վաղաժամ հեռացավ իմ ամուսին և իր մարտական ընկեր՝ զորամասի հիմնադիր-հրամանատար, գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։ Այդ դժվար օրերին մեր ընտանիքը, անչափահաս որդիներս, իրենց թիկունքին սպարապետ Վազգենից բացի զգացին հավատարիմ ընկերոջ, լավ բարեկամ Սեյրան Սարոյանի սատարումը։
Այս տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ էր, երբ դավադիր թուրքը մեր ծիծաղի օրը փորձեց լացի վերածել, բայց հանդիպելով առյուծասիրտ մեր տղաների հավաքական ու հուժկու հարվածին, ետ շպրտվեց։ Այդ քառօրյա պատերազմին մասնակցած մեղրեցիներից լուր ստացանք, որ մարտադաշտում հանդիպել են Ղևոնդի մարտական ընկերոջը՝ գեներալ Սարոյանին, որի ներկայությունն ավելի էր ոգևորել ու քաջալերել մատղաշ զինվորներին։ Դա մի նոր հպարտությամբ համակեց մեզ, նորից զգացինք, որ գեներալ Սարոյանն իրոք այն մարդն է, որ չէր կարող հեռուներից հետևել սահմաններում զարգացող իրադարձություններին, քանզի նա հայրենասեր զինվոր էր հոգով ու ողջ էությամբ։
Սեպտեմբերի 3-ին, մարտական փայլուն տարեգրություն ունեցող գեներալը բոլորեց իր ծննդյան 49-ամյակը։ Ես որպես պահեստազորի մայոր, իմ ընտանիքի անունից ամուսնուս մարտական ընկերոջը, մեր ընտանիքի անզուգական բարեկամին, շնորհավորում եմ ծննդյան տոնի առթիվ, մաղթում առողջություն, ընտանեկան երջանկություն և որ նա միշտ մնա խաղաղ օրերի գեներալ։
Մեր երկիրը, հայոց հողը անսասան ու անպարտելի է այսպիսի մարդկանցով, ուստի ծնունդդ շնորհավոր, պարոն գեներալ, նվիրյալ ընկեր, փայլուն զորական ու հիանալի մարդ»։