Կոնկրետ մեր հավաքականի ելույթներից ես՝ որպես գլխավոր մարզիչ, գոհ եմ։ Մենք ֆեդերացիայում քննարկել ենք, ամեն ինչ շատ լավ էր։ Եթե 75 կգ քաշային կարգում էլ անեինք այն, ինչին ընդունակ էինք, ապա կկարողանայինք 100 տոկոսով իրականացնել մեր առջև դրված խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։
«Մեր հավաքականը Ռիոյի Օլիմպիական խաղերին պատրաստվել էր պատշաճ։ Մեր հավաքականը տարբեր տարիներին բոլոր մրցաշարերից վերադարձել է մեդալներով։ Դա ասում էր, որ մենք մոտենում ենք Օլիմպիական խաղերին և պարտավոր էինք լավ ներկայանալ։ Մեր հավաքականը լիովին պատրաստ էր ոսկե մեդալների։
Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, ով օլիմպիական չեմպիոն դարձավ այսքան տարվա դադարից հետո։ Նույն փառք ու պատիվը Միհրան Հարությունյանին, ով արծաթե մեդալակիր էր, բայց բոլորս էլ գիտեինք, որ գոտեմարտն անարդար է տեղի ունեցել։
Կոնկրետ մեր հավաքականի ելույթներից ես՝ որպես գլխավոր մարզիչ, գոհ եմ։ Մենք ֆեդերացիայում քննարկել ենք, ամեն ինչ շատ լավ էր։ Եթե 75 կգ քաշային կարգում էլ անեինք այն, ինչին ընդունակ էինք, ապա կկարողանայինք 100 տոկոսով իրականացնել մեր առջև դրված խնդիրները։ Արդյունքը շատ գերազանց է։ Մեր հավաքականը թիմային հաշվարկում 3-րդ տեղն է զբաղեցրել, առաջինը՝ Ռուսաստանը, երկրորդը՝ Կուբան։ Հուսանք, որ այս հաջողությունները շարունակական կլինեն։ Ըմբշամարտի ֆեդերացիան ամեն ինչ արել է այս տարիների ընթացքում և հաղթանակները պատահական չէին։ Մարզիկները ոգևորված են, մարզվում են ու հասնում իրենց ցանկալի արդյունքներին»,- իր տպավորությունները ներկայացրեց Լևոն Ջուլֆալակյանը։
Խոսելով Միհրան Հարությունյանի և սերբի գոտեմարտի անարդար արդյունքի մասին՝ Ջուլֆալակյանը նշեց, որ ՀԱՕԿ-ը լուրջ, հետևողական քայլեր է ձեռնարկում, որպեսզի այս ամենն արդարացի լուծում տրվի։
«Այդ հարցին հիմա չենք կարող լիարժեք պատասխան տալ, որովհետև դա իմ հնարավորությունների մեջ չի մտնում։ իսկ, թե ով է նման գոտեմարտի արդյունքի պատճառն, ապա դրան ոչ մեկս չի կարող պատասխանել։ Փաստը մնում է փաստ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ղեկավարում է Լալովիչը, ով սերբ է։ Համոզված եմ՝ ինքն անձամբ խառնված չի լինի նման հարցերում, բայց միշտ կան ծախված մարդիկ, ովքեր ուզում են արջի ծառայություն մատուցել։ Դա իմ կարծիքն է։ Մարզիչներն էլ, բնակաբանար, գիտակցելով, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ է, բոլորն էլ կցանկանային հաճոյանալ ֆեդերացիայի նախագահին ու անել չարագույն գործը, ինչ արվեց»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը։