«Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա նշեց, որ օդանավակայանում պահը հարմար չէր Ռ. Աբաջյանի հոր հետ զրուցելու համար, բայց առաջիկայում ուզում է անպայման հանդիպել նրան։

 

«Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ մարզաշապիկին, որ ամբողջ աշխարհին ցույց տամ մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն»,- այսպես բացատրեց Արթուրը Ռիո դը Ժանեյրոյում կայացած 31-րդ Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Արթուր Աբաջյանի նկարով մարզաշապիկով հանդես գալը։

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ ամեն օր Միջազգային օլիմպիական կոմիտեն ժողովներ է անցկացնում, ու օրվա ընթացքում կատարվածի մասին խոսվում է այդտեղ, և ըստ նրա՝ ժողովի ժամանակ ներկայացվել է, որ Արթուրը տեղյակ չի եղել նման մարզաշապիկով ներկայանալու արգելքի մասին. «Միջազգային օլիմպիական կոմիտեն, հասկանալով այդ ամենը, ոչ մի պատժամիջոց չկիրառեց։ Արթուրը, հարգելով մեր հերոսին, հագել էր այդ մարզաշապիկը»։

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում