Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի հայկական ֆեդերացիային հայտնել է մանրամասներ՝ կապված իր Ֆեյսբուքի էջի հայտնի գրառման հետ: Այս մասին փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել՝ հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։
Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- նշված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանյանի էջում հրապարակվել էր «Գուրգեն, չհանձնվես։ #Respect #Solidarity» գրառումը, որով ըմբիշն իր աջակցությունն էր հայտնել ՊԵԿ նախկին նախագահի որդի, հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին։