ԱԺ «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը 13-րդ անգամ ներկայացրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նախորդ օրը Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից Նորաբակի հատվածում զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանի հիշատակը: Նա մեղադրեց իշխանությանը նոյեմբերի 16-ի իրադարձությունների, զոհեր թվի վերաբերյալ հստակ ինֆորմացիա չհրապարակելու, խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու մեջ: Ըստ նրա՝ հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ նախաձեռներ վերջին իրադարձությունները, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ստեղծված իրավիճակը և մի շարք հարցեր քննարկելու համար: «Կամ նույնիսկ պետք է նախաձեռներ արտագնա նիստ՝ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Բայց ՊՆ-ն և ԳՇ-ն մինչև հիմա առնվազն մեր գործընկեր Տիգրան Աբրահամյանի դիմումներին մերժումով են պատասխանում: Եվ այսպիսի մթնոլորտում գալ նորից արտահերթ նիստում այս հարցը քննարկելն ուղղակի տարօրինակ է»,-ասաց Մանուկյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի որոշ անդամներ եղել են թե առաջնագծում, թե մշտական գործունեություն են ծավալում պաշտպանական գերատեսչության, անվտանգության ոլորտի բազմաթիվ կառույցների հետ: «Լավ կլինի, որ ինքներդ էլ լինեք նախաձեռնող և ավելի շատ ընդգրկված լինեք աշխատանքների մեջ»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև հայտնեց, որ գրություն է ստացել «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի օգնականից, որում նշվում է, որ Աբրահամյանը բացակայում է, որովհետև կա քաղաքական որոշում՝ աշխատանքներին չմասնակցելու:

Ընդդիմադիր պատգամավորներն իշխանությանը մեղադրեցին հատկապես նոյեմբերի 16-ի առնչությամբ տեղեկատվական կեղծ հոսքեր ապահովելու, իսկ իշխանական պատգամավորներն ընդդիմությանը՝ ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Մարտերի ընթացքում ՀՀ-ում հավաք եք անում հրապարակում իշխանափոխություն եք պահանջում: Դա է աննախադեպը»,-ասաց ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:

ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը հիշեցրեց ՊՆ-ի հաղորդագրությունը, որում կա 6 զոհի մասին տեղեկատվություն:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, վերադառնալով օրակարգի հարցին, ասաց, որ իրենց խմբակցությունն իրացրել է իր իրավունքը: Նա հանձնաժողովի նախագահին և մի շարք պատգամավորների մեղադրեց սուտ խոսելու մեջ: Քոչարյանը նույն մեղադրանքը հնչեցրեց Մինասյանի հասցեին: Մինասյանը շեշտեց, թե Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեն՝ ընդդիմության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու, ըստ էության դավաճանության մեջ մեղադրելու համար: Անդրանիկ Քոչարյանի և Արծվիկ Մինասյանը բանավիճեցին, միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրին: «Ես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել, թե ովքեր են դավաճանները»,-ասաց Մինասյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորների հետ լքեց սրահը:

Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց. «Թեկնածուն չկա, նա «Ֆեյսբուք»-ում խայտառակ գրառումներ է անում, որը չի բխում ՀՀ պաշտպանության շահերից»:

Ղազինյանը 13-րդ անգամ քվեարկությամբ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: