Լոռու մարզի 8 քաղաքներից 2-ում' Վանաձոր և Սպիտակ, նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Սպիտակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին հաղթել է 1070 ձայնի տարբերությամբ. Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 4626 ձայն, իսկ Ս. Սարգսյանը' 3556, մարզկենտրոն Վանաձորում'8100 ձայնի տարբերությամբ. Ր. Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 18688, Ս. Սարգսյանին' 10 588 ընտրող: Ալավերդիում հաղթել է Ս. Սարգսյանը, սակայն նրա ձայների տարբերությունը մեծ չի եղել՝ 3912-ը՝ 3159-ի դիմաց, Ստեփանավանում' 4999-ը' 3755-ի դիմաց: Ս. Սարգսյանին սատարողները կրկնակի շատ են եղել Ախթալայում' 762-ը 373-ի դիմաց, նույնը Շամլուղում'258-ը 136-ի դիմաց: Թումանյանում Ս. Սարգսյանը հաղթել է ձայների ճնշող առավելությամբ' 897 քվե 59-ի դիմաց; ՀՀԿ առաջնորդի առավելությունն ակնհայտ է եղել Տաշիրում. Նրա օգտին քվեարկել է 4539 ընտրող, իսկ ընդդիմադիր թեկնածուի օգտին՝ 920:
Լոռու մարզպետ ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Արթուր Նալբանդյանը գնահատել է մարզի ցուցանիշները նախագահական ընտրություններում:
Պարոն մարզպետ, հարևան Շիրակի մարզում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը կանխատեսելի էր, քանի որ Շիրակը միշտ էլ աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով, բայց Լոռու ցուցանիշներն անսպասելի էին: Մարզի 2 խոշոր քաղաքային համայնքներում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց, Ալավերդիում էլ չնայած հաղթել է, բայց ձայների աննշան տարբերությամբ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր առաջնորդի պարտությունը, և ընտրության արդյունքներն ընդհանրապես:
Եթե 800 ձայնը աննշան է… Մեզ համար ընտրությունների ոչ թե արդյունքներն էր ավելի շատ կարևոր, որովհետև մենք մեր Հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից և ինքներս մեր առջև խնդիր էինք դրել, որ ընտրությունները անցնեն լեգիտիմ, արդար, ազատ ու թափանցիկ: Սա էր մեզ համար գերխնդիրը, և մեր ուշադրությունը կենտրոնացրինք ընտրությունների որակի վրա: Այս առումով ես համոզված եմ, որ մեր մարզում ընտրություններն անցան շատ որակով, և որևէ մեկը չի կարող լուրջ խախտումներ, թերություններ արձանագրել: Եթե նույնիսկ որոշ թերություններ եղան, ես վստահ եմ, որ դա ոչ մի կերպ չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Ինչ վերաբերում է Վանաձորի և Սպիտակի պարտությանը, ապա պետք է ասեմ, որ ինչ-որ տեղ Վանաձորի պարտությունը կապված է, ըստ իս (դա իմ սուբյեկտիվ կարծիքն է), ժողովրդի սոցիալական վիճակի հետ, որովհետև Վանաձորում կան որոշ խնդիրներ ժողովրդի զբաղվածության հետ կապված, որոնք մինչ օրս չեն լուծվել. ես կասեի հիմնական պատճառներից մեկը դա էր: Իսկ Սպիտակը մի փոքր սպեցիֆիկ քաղաք է՝ մեր մարզի քաղաքների հետ համեմատած: Այն աղետի գոտի է, և Սպիտակում դեռևս լուծված չէ երկրաշարժից անօթևան մնացած այն ընտանքիների հարցը, որը վերաբերում է սեփական սեկտորին: Այդ սեփական սեկտորում ապրող ընտանիքների մեջ կա դժգոհություն, և վերագրում եմ, որ հիմնական պատճառներից մեկը Սպիտակի պարտության նաև այդ էր, և, իհարկե, ինչ-որ տեղ սոցիալական վիճակը:
Ալավերդու ցուցանիշը Ձեզ գոհացնո՞ւմ է:
Բացի այդ 2 հիմնական քաղաքաներից' բոլոր տեղերը հաղթել ենք և շատ-շատ բարձր տոկոսներով ենք հաղթել: Ինչ վերաբերում է Ալավերդուն, իհարկե, ցուցանիշը ինձ գոհացնում է: Մենք այլ պատկեր չէինք էլ տեսնում, որովհետև շատ լավ պատկերացնում էինք, որ չկա մի քաղաքական ուժ' աշխարհի ամենազարգացած երկրներում էլ լինի, որ 100 տոկոսվ ձայն ունենա: Մարզում մեր սպասելիքը 60-65 տոկոս էր, բայց այլ պատկեր եղավ. ունեցանք ընդամենը 56 տոկոս, որը մեզ գոհացնում է. ռեալ պատկեր է: Մենք երբեք 100 տոսկոսի չենք էլ ձգտել:
Իսկ մարզում ընտրողների մասնակցությունն արդյոք լիարժե՞ք է ապահովվել:
Այո, մասնակցությունը մենք շատ էինք կարևորում: Նախընտրական քարոզարշավը երբ սկսվեց, մի փոքր պասիվություն էր նկատվում, անտարբերություն ընտրությունների նկատմամբ, բայց քարոզարշավի կեսից հետո արդեն մենք զգացինք, որ մասնակցության պակաս չենք ունենա: Առավել ևս՝ մենք գիտենք, որ մեր մարզից արտագնա մեծածավալ աշխատողներ կան, ովքեր ժամանակավոր բացակայում են մարզից և գնում են արտագնա աշխատանքի: Այս առումով շատ լավ պահ էր փետրվար ամիսը. արտագնա մեկնողների մեծ մասը դեռ մարզում էր:
Մենք համոզված էինք, որ ընտրությունների մասնակիցների թիվը չի զիջի ԱԺ մասնակիցների թվին, այդպես էլ եղավ: Ընդհակառակը, եթե ԱԺ ընտրությունների ժամանակ ունեցանք շուրջ 140 հազար ընտրող, հիմա մի փոքր ավելի: Այսինքն' մասնակիցների թիվը գերազանցեց ԱԺ ընտրողների թվին:
Փաստացի Վանաձորում ընտրողների կեսն է մասնակցել:
Ոչ, ցուցակային թվի հետ եթե համեմատենք, բնականաբար, հանրապետական մասշտաբով էլ ընտրողների թիվը 2 մլնից ավել է, բայց 1 մլն 500 հազարի կարգի մասնակից ունեցանք: Նույնը Վանաձորում. ընտրողների ցուցակային թիվը շատ ավելի մեծ է, բայց Վանաձորում ունեցանք 50 հազարից ավելի մասնակից: ԱԺ ընտրության գրեթե նույն թիվը Վանաձորում պահպանվեց:
Հավաստիացնո՞ւմ եք, որ քարոզչական և կազմակերպչական բոլոր աշխատանքները հօգուտ ձեր թեկնածուի' Սերժ Սարգսյանի, բարձր մակարդակով եք իրականացրել:
Դա ոչ թե մենք են վկայում, այլ միջազգային դիտորդները, որ մեզ հետ հավասար հետևեցին ընտրությունների ընթացքին և արդյունքների հաշվմանը: Բոլորը կարող են վկայել, որ մեր մարզում ընտրություններն անցել են եթե ոչ իդեալական, ապա իդեալականին մոտ, որովհետև որևէ տեղ լուրջ խախտումներ, լուրջ թերություններ, ոչ մի բան չի արձանագրվել:
Մի խոսքով' գոհ եք ընտրությունից և ընտրության արդյունքներից:
Իհարկե, գոհ եմ: Ակնկալիքներս էլ' ավելի լավ աշխատել: Վանաձորում մենք զգացինք, որ բնակչության կողմից կա դժգոհություն, և մենք ինքներս պետք է հետևություն անենք: Վանաձորի պարտության մեջ բոլորս մեր մեղքի բաժինն ունենք:
Բնականաբար, պետք չէ որևէ մեկի վրա բարդել պարտությունը, ժողովուրդն իր ընտրության միջոցով փորձում է ինչ-որ տեղ իր դժգոհությունն արտահայտել, և յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում նաև ես, պետք է սթափվենք ու սկսենք ավելի նորմալ աշխատել, ժողովրդի պրոբլեմներով ապրել, փորձենք հնարավորինս մեր ժողովրդի կողքին կանգնել: