Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բացառիկ հարցազրույց է վարել Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
- Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է: Խնդրում եմ' ներկայացրեք, թե Երկրապահն ի՞նչ դերակատարում է ունեցել Հայաստանի անկախացման գործընթացում:
- Երկրապահը եղել է մեր ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ակունքներում: Երբ արցախահայության օրինական պահանջին թուրք ազերին Բաքվում, Սումգայիթում, այլ բնակավայրերում տեղահանություններ եւ ջարդեր հակադրեց, երբ զինված հարձակում հրահրեց Արցախի եւ Հայաստանի սահմաններին, հենց ազգի նվիրյալ հայորդիք էին, որ ըմբռնեցին զինված պայքարի կարեւորությունը: Ձեւավորվեցին երկրապահ կամավորական ջոկատներ, որոնք հետո համախմբվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով: 1990-ի հունիսի 10-ին ընդունվեց ջոկատների միավորման հռչակագիրը, իսկ ԵԿՄ հիմնադիր համագումարը կայացավ 1993-ի հուլիսին, երբ ընթանում էր կատաղի պատերազմը:
Պատահական չէ, որ թե´ ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահը, թե´ ՀՀ առաջին պաշտպանության նախարարը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է եղել: Երկրապահն ստեղծվեց ժողովրդի տարբեր խավերից, ելավ ժողովրդի ծոցից ու սկսեց պաշտպանություն կազմակերպել, բանակ ստեղծեց: Երկրապահն է եղել անկախության կերտողն ու պահապանը, Երկրապահն է եղել հայրենյաց սահմանների պաշտպանն ու տարածքներ ազատագրողը: Երկրապահն է եղել հայոց բանակի հիմնադիրը, իսկ անկախությունը բանակի շնորհիվ ծնվեց ու պաշտպանվեց: Ի դեպ, ասեմ, որ ֆիդայական ջոկատները, կամավորականներս հաջողությամբ կարողացանք մերվել, համախմբվել դրսից եկած պրոֆեսիոնալ զինվորականների, Սովետական բանակի հայ հրամանատարների եւ այլ երկրերից եկած հայորդիների հետ: Դա էր պահանջում հայ ազգի շահը: Ես առանձնահատուկ պետք է նշեմ, որ Հայաստանի, Արցախի անկախացման գործընթացում անուրանալի ավանդ են ունեցել Արցախյան պատերազմի տարիներին պաշտոնավարած մեր պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը:
- Պարո´ն գեներալ, եթե կարելի է' մի քանի խոսքով անդրադարձեք անձամբ Ձեր մասնակցությանն ազատագրական պատերազմին: Որովհետեւ որոշ բաշիբոզուկներ վերջերս փորձում են կասկածի տակ դնել Ձեր հերոսական կենսագրությունը: Թեպետ ինքս եմ ապրիլյան պատերազմի օրերին տեսել, համոզվել, թե ինչպես էին ոգեւորվում արցախցիները եւ մեր կամավորականները Ձեզ տեսնելով' բացականչելով, որ մեր հերոսն է եկել, ուրեմն հաղթելու ենք:
- Ասեմ շատ համառոտ: 1989 թվականի սկզբին, Համլետ Նահատակյանի նախաձեռնությամբ, էջմիածնեցի կամավորներով մեկնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղ եւ Էդիլլու (Ուխտաձոր) Ձորակի գյուղեր: 1990 թվականի սկզբին ընտրվել եմ Հադրութի Էդիլլու Ձորակի յոթ գյուղերի ինքնապաշտպանությամբ զբաղվող Էջմիածնից եկած կամավորական ջոկատի եւ ձորակի հրամանատար: Խորհրդային բանակի կողմից կատարվող անձնագրային ամենօրյա ստուգումների սարսափի ներքո ջոկատը գրեթե ընդհատակյա պարտիզանական գործունեություն էր ծավալում: 1990 թվականի աշնանը կամավորականների կողմից ընտրվել եմ Էջմիածնի շրջանի «Երկրապահ» ջոկատի եւ ձորակի հրամանատար: 1990 թվականի նոյեմբերի 15-ին Էդիլլու Ձորակի Դուդուկչի գյուղում, 14 ընկերներիս հետ, ձերբակալվել եմ խորհրդային բանակի հատուկ ջոկատայինների կողմից՝ ալֆա: 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, Արցախի տղաների աջակցությամբ 5 մարտական ընկերներիս հետ, Ստեփանակերտի հիվանդանոցից փախչել ենք եւ նորից հայտնվել Էդիլլու Ձորակում: Տղաներից յոթը դատապարտվեցին, հետո մենք կարողացանք տարբեր միջամտություններով նրանց տեղափոխել Վրաստան, Վրաստանից Հայաստան: Հայրենիքում նրանք, բնականաբար, ազատության մեջ հայտնվեցին: 1991թ. մեր կամավորական ջոկատը եւ ԼՂՀ գումարտակը Հադրութի հատվածում պարտիզանական պայքար են մղում ադրբեջանական օմոնի դեմ, ապահովելով բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը: 1992թ. ապրիլի 1-ին Հադրութի տարածքի ինքնապաշտպանական կամավորական ուժերը իմ հրամանատարությամբ ազատագրեցին Հողեր գյուղը: Սա մարտական առաջին խոշոր հաղթանակն էր, առաջին ազատագրված գյուղն էր Արցախում: Դրանից հետո ազատագրեցինք Տողը' գործակցելով Տողի Վիգենի, Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ գործող տեղի ջոկատների հետ: 1992թ. մայիսին Շուշիի հաղթանակը նաեւ ապահովված էր Հադրութի կողմից: Ադրբեջանական բանակը պատեպատ էր ընկնում, բայց Հադրութի պաշտպանական ճակատը ճեղքել չկարողացավ: Այստեղ ադրբեջանական զորամիավորումների դեմ կանգնած էին իմ ղեկավարած Էջմիածնի Երկրապահ ջոկատն ու տեղացի կամավորականները: Մեր տղաների առանձին խումբ էլ անմիջականորեն Քարինտակի պաշտպանությունն էր իրականացնում: 1992թ. նշանակվեցի Էջմիածնի ջոկատի եւ Էդիլվա ուժերի համախմբմամբ ձեւավորված ԼՂՀ գումարտակի հրամանատար, այնուհետեւ կանչվեցի Հայաստան եւ նշանակվեցի Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար ու ստանձնեցի ԼՂՀ Հադրութի ենթատարածքի պաշտպանությունը: Դեկտեմբերի 22-ին ստացա կապիտանի կոչում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: