Ինչպես հայտնի է, Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են, ու համայնքների բնակիչների առաջ կրկին այն հարցն է ծառացած, թե ում է պետք տալ վստահության քվե, ում պետք է հանձնել սեփական համայնքի կառավարման ղեկն առաջիկա մի քանի տարիների համար: Բայց, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստը մնում է փաստ, որ մեզ այդպես էլ մինչև վերջ չի հաջողվում երկրում ձևավորել այնպիսի կառուցողական մթնոլորտ, հաստատել այնպիսի բարենպաստ միջավայր, որտեղ ի սկզբանե կբացառվեին ընտրակեղծարարությունն, ընտրությունների ժամանակ բավական ակտիվորեն կիրառվող կեղտոտ տեխնոլոգիաները, մարդկանց կամքի ու ինքնիշխան որոշման վրա ներազդելու ամենաանընդունելի մեթոդների բանեցումը, որոնց պատճառով արդեն շատ երկար տարիներ մեր երկրում անցկացվող քաղաքական ընտրություններն, ինչ մասշտաբի ու նշանակության էլ դրանք լինեն, դարձել են կատարյալ խեղկատակություն՝ վերածվելով երկրի անունը պախարակող, բայց պարտադիր դարձած ինչ-որ անհասկանալի կլոունադայի:


Ինչ խոսք, ընտրական ամենակեղտոտ տեխնոլոգիաների, կաշառատվության դեպքերի բազմաքանակության ու այլևայլ բացասական երևույթների առումով ներկայիս ՏԻՄ ընտրությունները կարելի է համարել բացառիկ, քանի որ դժվար թե հնարավոր լինի հիշել ևս մի ընտրական գործընթաց կամ ընտրություններ, ուր տեղ գտած լինեն նույնքան լկտիություններ, որքան 2016-ի ՏԻՄ ընտրություններում. համայնքներում կուսակացություներն ու անհատները միմյանց «կոկորդ են կրծում», միմյանց «տակ փորում» ու ճնշում միայն այն բանի համար, որպեսզի կարողանան օգտվել այն կերակրատաշտից, որից օգտվում են բոլոր նրանք, ում բախտ է վիճակվում կյանքում գեթ մեկ անգամ ներթափանցել պետական կառավարման համակարգ:

 

Վերն ասվածի մի անկրկնելի օրինակ կարելի է համարել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքում կատարվող իրադարձություններն, ուր դեռևս գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, նույնիսկ համայնքի ղեկավարի ընտրությունից ժամեր առաջ, սեփական համակիրների շարքերը փորձում է ստվարացնել մասսայական կաշառատվությամբ ու ձայներ գնելով. մի դատապարտելի վարքագիծ, որով փորձում են վերարտադրվել բոլոր նրանք, որոնք ոչնչով չեն հասցրել աչքի ընկնել իրենց կառավարման շրջանում ու զբաղվել են բացառապես տեղացիներին «քերելով» ու այլոց հաշվին ունեցվածք դիզելով:


Որ Հայաստանում ի սկզբանե պետք էր բացառել, ասենք, եվրոպական ստանդարտներին համապատասխան ՏԻՄ ընտրություների անցկացումն, իհարկե, անվիճելի էր, բայց որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում կարող էին նման որակ ունենալ, ինչ խոսք, միանգամայն անսպասելի էր: Իսկ այս ամենը խոսում է այն բանի մասին, որ բոլոր այն խոսակցություններն ու պնդումները, թե Հայաստանում ժողովրդավարական գործընթացները կրում են անշրջելի բնույթ, միանգամայն սին են ու անիրական, քանի որ առնվազն հիմար պետք է լինել՝ չհասկանալու համար, որ առաջընթացի փոխարեն երկիրը լոկ հետընթաց է ապրել՝ վերջնականապես կորցնելով այն հիմքերը, որոնց վրա պետք է վեր խոյանար հայաստանյան ժողովրդավարությունը. ՏԻՄ ընտրությունները ավելորդ անգամ փաստեցին, որ հայկական դեմոկրատիան միֆ է, հեքիաթ, որի հորինողները սկզբից ևեթ մեկ նպատակ են հետապնդել՝ «թոզ փչել» աշխարհի ու ժողովրդի աչքերին. պետք է ասել՝ դա նրանց հիմնականում հաջողվում է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ