Ամեն տարի՝ ցրտերն ընկնելուն պես, կրկին արդիականանում է անտառների թեման կամ առհասարակ երկրի կանաչապատ տարածությունների խնդիրը: Չնայած գրեթե ամեն տարի ԶԼՄ-ներն ահազանգում են, որ տարեցտարի Հայաստանի կանաչապատ տարածությունները կրճատվում են, բայց իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Ասել, թե պետությունը երկրի կանաչապատ տարածքներն ավելացնելու ուղղությամբ «մատը մատին չի տալիս», սխալ կլիներ, քանի որ օրինակ՝ միայն պաշտոնական տվյալների համաձայն՝ 2004-2014 թթ. Հայաստանի Հանրապետությունում շուրջ 31,500 հեկտար տարածքում անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել: Այս հարցում պակաս ակտիվ չեն ոչ պետական կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնք մեծապես մտահոգ են մեր երկրի բնապահպանական խնդիրներով՝ նույնիսկ շատ ավելի, քան հայրենի կառավարությունը: Այսպես. 2015 թվականի ամռանը «Գլոբալ» էկոլոգիական հիմնադրամի կողմից հաստատված' «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը՝ հյուսիսարևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2015-2019 թթ. Լոռու և Տավուշի մարզերում վերականգնման աշխատանքներ իրականացնել 4600 հեկտար անտառային տարածքներում:


Թվերը՝ թվեր, բայց նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ Հայաստանում անտառապատ տարածքները տարեցտարի կրճատվում են: Շատ մասնագետներ նույնիսկ ահազանգում են, թե անտառները կորցնելով՝ մենք կորցնում ենք էկոհամակարգերը, ինչը վերականգնելը բավական բարդ խնդիր է: Ուստի՝ այսօրվանից պետք է ամեն ինչ անել՝ գլոբալ տաքացման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Այսպիսով՝ ի՞նչ վիճակում են այսօր Հայաստանի անտառները, և, ընդհանրապես, հնարավո՞ր է, որ անփույթ ու անտարբեր վերաբերմունքի արդյունքում՝ մեր երկիրը ապագայում կանգնի դրանք կորցնելու վտանգի առջև:

 

Այն, որ Հայաստանը դասվում է սակավանտառ երկրների շարքին, որտեղ անտառապատվածության ցուցանիշը չի գերազանցում 11,2 %-ը, արդեն իսկ բացասական գործոն է, որը տալիս է մեզ առիթ՝ լրջագույնս մտահոգվելու համար: Մենք մտահոգվում ենք, իսկ ահա պատկան պետական կառույցները երևում է՝ ոչ: Նման հոռետեսական տրամադրությունների առիթ է տալիս վիճակագրությունը, որի համաձայն՝ Հայաստանը տարեցտարի է՛լ ավելի է անապատանում:Իրավիճակը շտկելու համար առաջին հերթին պետք է ավելացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները: Դրանք իրականացնելու համար, սակայն, ֆինանսներ են հարկավոր, բայց հիմնականում դրանք կա՛մ չկան, կա՛մ էլ չեն տրամադրվում, տրամադրվելու դեպքում էլ, որպես կանոն, փոշիացվում են: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն անտառների պահպանման հարցը շատ ավելի գլոբալ խնդիրների հետ է կապված, քան առաջին հայացքից կարելի էր ենթադրել. եթե երկրում առկա է գործազրկություն, եթե էներգակիրների գինը շատ բարձր է, ապա մեղադրել հասարակներին ջերմության կամ ապրուստի այլընտրանքային աղբյուրներ որոնելու մեջ, անարդար կլիներ: Հարցն այն է, որ մենք համայնքների բնակիչների համար պետք է այլընտրանքային եկամտի աղբյուրներ ստեղծենք, այն մարդկանց համար, ովքեր ներգրավված են ապօրինի անտառահատումների գործողություններում: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ կարողանան այլ էներգակիրներ, օրինակ՝ գազ, արևային էներգիա օգտագործել: Շատ հաճախ համայնքում կա գազ, բայց մարդիկ շարունակում են փայտ վառել, քանի որ այն ավելի էժան է:Ստացվում է մի ամբողջ շղթա, որտեղ մի խնդիրը մյուսի լուծմամբ է պայմանավորված: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բնապահպանական հարթության վրա գտնվող խնդիրների բնույթն ու քանակը երկրում սոցիալ-տնտեսական առկա վիճակի լավագույն բնութագրիչներից մեկը կարելի է համարել, ինչն աներկբայորեն փաստում է, որ հայաստանյան հասարակության հիմնական շերտը շարունակում է գտնվել սոցիալական ամենացածր մակարդակի վրա, որից բարձրանալու հեռանկարը այդպես էլ մնում է մշուշոտ.ոչինչ, ծառերի «ջանը սաղ լինի», կվառենք, կապրենք, ի՞նչ է էղել որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աչքն էլ լույս …


Դավիթ Բաբանով