Գործազրկության նպաստը Գյումրիում բնակվող գործազուրկների այդ խմբի ապրուստի միակ միջոցն է, Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Զբաղվածության մասին օրենքին», ըստ որի գործազրկության 18.000-ական դրամ նպաստներն այլևս չեն վճարվելու:
«Անկեղծ ասած՝ այն խավի համար, որի հետ մենք աշխատում ենք, նպաստը գոյատևման միակ միջոցն է: Ոչ թե որ պատճառաբանում են, թե թաքնված աշխատանք են անում և այլն, այլ Գյումրիում մոտ 40%-ի ապրելու միակ միջոցը սոցիալական նպաստ է»,-ասաց նա:
Սոցիալապես անապահով ընտանիքների հարցերով զբաղվող կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այդ նպաստով մարդիկ լուծում են իրենց տարրական խնդիրները, ընդամենը խանութներում ամսվա վերջում իրենց վերցրած հացի ու մթերքի գումարն են վճարում. «Այսինքն՝ վիճակը ծայրահեղ է, եթե մարդուն փոխարենը ոչինչ չես առաջարկում, և այդ նպաստն ես ձեռքից վերցնում… Չնայած ես իշխանություններից չեմ զարմանում ու մտածում եմ, որ այս աղքատությունը, որը երկրում կա, իշխանությունների դիտավորյալ, չգիտեմ՝ ռազմավարական ինչ-ինչ գործողությունների արդյունքն է, իրենց նպատակն է. գուցե այդ մարդիկ թաքնված նպատակ ունեն Հայաստանը դարձնել 100.000-անոց երկիր, ստեղծեն աշխարհում ամենասոսկալի վիճակը, որ իշխանություն չփոխվի»:
Խոսելով նաև պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին, Վահան Թովմասյանն ասաց. «Իշխանություններն ասում են՝ բյուջեն դատարկ է, չեն կարողանում շինարարություն իրականացնել աղետի գոտում, նպաստն են կրճատում, բայց իրենց աշխատավարձը բարձրացնում են այն դեպքում, երբ իրենց պետք էլ չի այդ աշխատավարձը: Էս մարդիկ չեմ ասում, թե թշնամի են էս երկրին, գուցե մի բարի նպատակ ունեն, բայց դա հայրենիք սիրել չէ»:
Նկարագրելով մարզում տիրող իրավիճակը՝ նա նաև օրինակ բերեց, որ երեխաների միանվագ դրամական աջակցությունը շատ ընտանիքների համար սոցիալական խնդիրները լուծելու միջոց է դարձել. «Մեզ մոտ շատ ընտանիքներ սոցիալական խնդիրները լուծելու համար 3-րդ, 4-րդ երեխա են ունենում: Որ պարտքեր են ունենում, որպեսզի միանվագ գումարները վերցնեն, իրենց պարտքերը փակեն, երեխա են ունենում: Իսկ թե այդ երեխայի ճակատագիրը, երեխայի խնամքը ի՞նչ վիճակում կլինի՝ պարզ չէ»:
Ամփոփելով խոսքը՝ մեր զրուցակիցը նշեց. «Էս իշխանությունների բռնած գործողությունները, իրենց արածը… Ի՞նչ ասեմ, արդեն ատելությունն այնքան շատ է, որ քննարկել, քննադատելն ինձ համար հոգեբանական սթրես է»:
«Շիրակ» կենտրոնում գրանցված մի քանի նպաստառուների հետ զրուցեցինք: Նախապես իմանալով, որ նրանք գործազրկության նպաստառուներ են, առաջին հարցը եղավ այն, թե տեղյա՞կ են արդյոք, որ կառավարության որոշմամբ գործազրկության նպաստ չեն ստանալու:
Գյումրեցի Տուկտիկ Թումանյանն անակնկալի եկավ հարցից և արձագանքը եղավ անմիջապես. «Ոչ, տեղյակ չենք, ո՞նց, հըմի էլ նպաստ չպիտի ստանա՞նք»: Հետո, երբ պարզվեց, որ տիկինը 28 000 դրամ բազմազավակության նպաստ է ստանում, և այդ օրենքն իր վրա չի տարածվում, տիկնոջ արձագանքը չուշացավ. «Հա, հա, իմը չեն կտրի, աղջիկ ջան, դու հո շառ չես, ո՞նց պիտի կտրեն իմ նպաստը, ընչի իրանք չեն իմանա, օր դրանով կապրիմ»:
Գյումրեցի Արմեն Գալոյանը, ով նույնպես ընտանեկան նպաստ է ստանում, մեզ հետ զրույցում բողոքեց, որ իր նպաստը 6 ամսով դադարեցրել են, քանի որ ինքը 37.000 դրամով մի տեղ պահակ էր աշխատում: «3 անչափահաս երեխա ունեմ, փոքրն էլ ի ծնե սրտի արատ ունի թոշակառու է (հաշմանդամության), 6 ամսով կտրել են նպաստը, 12.000 դրամ էլ հետգանձում են պահանջել ու ասել են, որ եթե չմուծեմ, նպաստս չեն վերականգնելու: Հիմա էլ գործից էլ եմ կրճատվել, նպաստ էլ չեմ ստանում»,-ասաց նա: