Որպես կանոն՝ չեմ մեկնաբանում անազատության մեջ գտնվող գործիչների հայտարությունները։ Նախ՝ դրանք կտրված են լինում իրականությունից ու հիմնականում գործ ենք ունենում ոչ թե քաղաքական տեքստի, այլ՝ զգացմունքային ու բարձրագոչ կարգախոսների հետ։ Խնդիրն ունի նաև բարոյական կողմ. չի կարելի խիստ լինել նույնիսկ սխալ դիրքորոշումների հանդեպ, որոնց հեղինակները մարդիկ են, ովքեր զրկված են մի շարք իրավունքներից։

 

Այս անգամ բացառություն եմ անում, որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարությամբ՝ «Սասնա ծռեր» խմբի՝ ազատազրկված տղաների երեկվա հայտարարությունը վերաբերում է կենսական խնդրի՝ առաջիկա ընտրություններին։

 

Ըստ իս, հայտարարությունը կառուցված է մի քանի սխալ թեզերի ու վարկածների վրա։

 

Եթե հասարակությունը զզվում է իշխանություններից, ապա դա չի նշանակում, թե աջակցում է փոփոխությունների ուժային տարբերակին։ Ակնհայտորեն տեսանելի է, որ անգամ կալանավորված տղաների ճակատագիրը չի հուզում հասարակության մեծ մասին։ «Առաքյալի» լուսապսակը թույլ չի տալիս, որ խմբի կալանավորված տղաները զերծ մնան զգացմունքային որակումներից, ինչի հետեւանքով՝ արժեզրկվում է նրանց քաղաքական ասելիքը։ «Սասնա ծռերն» իրենից դուրս չի տեսնում որեւէ տեսակետ, ճշմարտություն։

 

Ընտրությունները բոյկոտելու եւ ապստամբելու գաղափարն անիրական է՝ գործնական առումով, անընդունելի՝ բովանդակության մեջ։

 

Երբ իշխանությունը կրակում է, կորցնում է լեգիտիմությունը, երբ ընդդիմությունը դիմում է բռնության, սպանում է քաղաքականությունը եւ մարդկանց ընտրության իրավունքը։

 

Եկել է մի շրջափուլ, երբ ապստամբության գաղափարին չեն հավատում անգամ «Սասնա ծռերին» աջակցող կուսակցությունները, որոնցից, օրինակ, «Ժառանգություն»-ը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Չեմ կարծում, որ նույն Արմեն Մարտիրոսյանը, ով հուլիսյան օրերին նույնիսկ ձերբակալվեց, ավելի պակաս հայրենասեր է։ Ճիշտ հակառակը՝ նա փորձում է նախընտրական արշավն օգտագործել՝ նաեւ «Սասնա ծռերի» որոշ գաղափարներ տարածելու եւ դրանք լեգիտիմացնելու նպատակով։ Ընտրություններն իրավիճակ փոխելու միակ ռացիոնալ միջոցն են, ու, եթե «Սասնա ծռերը» դրանք բոյկոտելու կոչ են անում, ակամայից օգնում են իշխանություններին՝ ընդդիմադիր էլեկտորատի մի մասին դեպրեսիվ ազդակներ փոխանցելու եւ անգործության մատնելու միջոցով։

 

Ապաքաղաքական ու անիրական է նաեւ «Սասնա ծռերի» ազգային-ազատագրական պայքարի թեզը։ Ինչքան էլ օբյեկտիվորեն դժգոհ լինենք հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների որակից, դրանք բնույթով միջպետական են եւ դուրս են «մետրոպոլիա-գաղութ» ուղղաձիգի տրամաբանությունից։ Եթե նույնիսկ համաժողովրդական շարժում լինի (ինչի հավանականությունը մոտ է զրոյի)՝ դա հետեւանք է լինելու ընտրական գործընթացի եւ ունենալու է գերազանցապես ներքին օրակարգ, առավելագույնը՝ լրացված արցախյան թեմայով։

 

Սարգիս Հակոբյան