Գյումրիում փլուզված շենքում բնակվող 8 ընտանիքից 2-ն ունեն անօթևանի կարգավիճակ:
Գարեգին Նժդեհ փողոցի 7-րդ շենքը 1988 թվականի երկրաշարժից հետո խիստ վթարային էր դարձել: 3-4 աստիճանի վթարայնություն ունեցող կառույցը վտանգավոր է եղել ոչ միայն շենքում բնակվող ընտանիքների, այլ նաև անցորդների համար: Չնայած վթարային լինելու հանգամանքին, շենքում 11 մարդ էր բնակվում: Առավոտյան մարզային իշխանությունների ներկայացուցիչները մարզպետի գլխավորությամբ եղել են տարածքում, խոսել բնակիչների հետ:

 


«Վթարային շենքերի խնդիրը մեզ համար խիստ մտահոգիչ է նախ բնակիչների անվտանգության ու առողջության տեսանկյունից, նաև քաղաքի տեսքի հետ կապված: Գարեգին Նժդեհ 7 շենքում բնակվող 8 ընտանիքից 2-ն ունեն անօթևանի կարգավիճակ, մնացած 6 ընտանիքները երկրաշարժից անօթևան չեն դարձել՝ չնայած այժմ բնակարանային խնդիր ունեն: Եթե խոսենք անօթևանի կարգավիճակ ունեցող երկու ընտանիքների մասին, ապա պետք է ասեմ, որ նրանց բազմիցս ընդգրկել են բնակապահովման ծրագրերում, սակայն վերջիններս հրաժարվել են ինչպես «Մուշ» թաղամասում տրամադրված բնակարաններից, այնպես էլ բնակարանների գնման վկայագրով քաղաքի այլ հատվածներում բնակարան ձեռք բերելու հնարավորությունից»,-նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ անթույլատրելի համարելով բնակիչների կամայական որոշումներն ու շենքից դուրս չգալը:

 


Փետրվարի 23-ին Ժամը 03:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքի 4-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել և բնակիչները տարհանվել են:

Արմենուհի Մխոյան