«Մենք դեռ պարտք ենք մեր երեխաներին, երիտասարդներին, ովքեր ասում են' ուր է Ձեր խոստացած երկիրը, ասում են, թե ցանկանում են ապրել իրավունքի երկրում, ուզում են ենթարկվել միայն օրենքներին, արժանապատիվ երկրում»,-նշեց «Ժառանգության» նախկին պատգամավորը:
Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ Անահիտ Բախշյանը:
«Հիմա պատասխանում եմ իմ սիրելի Անիներին, Արմեններին, երիտասարդներին. քանի դեռ մեր երկիրը, պետականությունը չի դրված սահմանադրական իրավունքի ուղու վրա, ցավոք սրտի, բոլորս ենք զբաղվելու քաղաքականությամբ, քաղաքացիական հասարակության ձևավորմամբ:
Ես էլ քաղաքագետ չեմ, ես միշտ վախենում եմ այդ որակումից՝ մանկավարժ եմ, բայց այսօր ինքս էլ զբաղվում եմ, քանի որ ուզում եմ ինչ-որ բան շտկել, հսկայական աշխատանքի մեջ իմ լուման ներդնել: Պետք է բռնենք կեղծարարի ձեռքը, պետք է պատրաստ լինենք, վստահված անձ լինենք, հանձնաժողովի անդամ լինենք, այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը յուրաքանչյուրիս լումայի կարիքն ունի: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, ամեն գործ, մեր ջանքերը մեկտեղենք: Կեցցե Հայաստանը, կեցցեք Դուք, կեցցեք բոլորդ»,- իր ելույթը եզրափակեց Անահիտ Բախշյանը: