ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ վերջինիս արձագանքին, նշելով, որ

Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, ասել է հետեւյալը.

«Անկեղծ ասած, իսկապես ուզում էի տեղեկանալ Հանրապետության նախագահի եւ պարոն Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի խոստացած պատմությանը: Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Թափանցիկության ու հրապարակայնության կատարելության նմուշ մի պատմություն: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, նշել էր հետեւյալը. «Ես իրեն ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն՝ Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ: Ես ձեզ զեկուցում եմ, կարող եք համաձայն չլինել, ասի՝ լավ, պատրաստ չեք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակն ընդունելու, ուրեմն վերջին խոսքը՝ պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին՝ մարզպետ, քաղաքապետ, զինվորին, որ բերեցին կրկնակի քվեարկության, ամո՛թ: Նախարարներին, պատգամավորներին, ովքեր ճնշեցին, սպառնացին, վախ սփռեցին, կաշառեցին: Առաջին՝ պատիժ բոլորին անխտիր: Դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես բոլորին պատժելու եմ, այդ ապացույցները կան: Երկրորդ. Այդ ուժը եթե չունեք թեկուզ ժողովրդի հաղթանակը ճանաչել, եթե պատրաստ չեք, ուրեմն չնեղանաք ինձանից, որովհետեւ ես մինչեւ կյանքիդ վերջը ձեր կողքին պիտի կանգնեմ եւ տեղ չունեմ գնալու: Երրորդը ասեցի՝ անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի եւ կազմակերպում ենք նոր խորհրդարանական ընտրություններ, որ նոր ընտրությամբ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին: Ի՞նչն է պատասխանը ձեր կարծիքով՝ ոչ: Ես այլեւս ասելիք չունեմ»: