ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել Էդուարդ Շարմազանովի հայտարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով է շարադրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց ինքը' Շարմազանովը: «Հուսամ, որ պարոն Հովհաննիսյանին այս հայտարարության տեքստն այնուամենայնիվ կփոխանցեն հնարավորություն տալով գոնե հետագայում խուսափելու նման տհաճ իրավիճակներից»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր' փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր ամոթ նրանց, ովքեր փորձում են իրեն սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակման համար: «Ես պահանջում եմ հիմա՝ թող ամբողջությունը հրապարակեն՝ նժդեհական են, նախագահականից են, իրենք հիմա թող հրապարակեն»,-ասել է նա, հավելելով, որ գործող նախագահի հետ զրուցել է 1,5 ժամ, եւ եթե Սերժ Սարգսյանը խաբել է իրեն' ասելով, թե իրենք մենակ են զրուցում, ապա պահանջում է, որ հրապարակվի իրենց զրույցի ամբողջ ձայնագրությունը: « Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը՝ դավայտե: Ամենաշատը, որ դուք կարող եք իմանալ այդ ձայնագրությունից, որ մենք հարգալից զրույց ենք վարել: Ես նրան ասել եմ, որ նախագահ չի ընտրվել եւ վաղ է սկսել իր հաղթանակը նշել շամպայնով: Նաեւ Սարգսյանին մի քանի քաղաքական տարբերակներ եմ առաջարկել, սակայն նա հրաժարվեց ընդունել»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշել է, թե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհուրդների կարիքը չի զգում, թե պետք է առաջադրվի 2018թ.: «Մինչ այդ ժամանակ մեր երկրում իշխանությունը կլինի ժողովրդի ձեռքում: Դավայտե, պարոն Շարմազանով, տվեք ձայնագրությունը»: