«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձը» քաղաքական վտանգ է պարունակում, սակայն նա չի ցանկանում բացարձակացնել կամ ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բևեռի ստեղծում: Այս մասին ասել է Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

 «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ բոլոր իշխանավորները նախկին և նոր իշխանությունում գտնվող, պետք է պատասխան տան իրենց արած հանցագործությունների համար:

 

«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ: Դա իմ որոշելիքը չէ, ես ինքս արդեն որպես նախկին իրավաբան ասել եմ, որ այս դատավորը որքան պատրաստված հետագիծ և կրթություն ունի, պարտավոր էր ինքնաբացարկ կատարել, որովհետև շահերի բախման տպավորություն կար, և դա ինքնին դատական որոշման, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն իջեցում է։ Բացթողում է, որ դատախազությունն այդ ինքնաբացարկը չպահանջեց»,- ասաց նա: