Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ Ծառուկյանը բավարարեց Հովհաննիսյանի խնդրանքը և իր գրասենյակում ընդունեց նրա գլխավորած պատվիրակությանը: Մեզ հասած տեղեկություններով' Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Անձամբ հեռախոսով կապվել է նրա հետ և խնդրել ընդունել իրեն' քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Սակայն Ռոբերտ Քոչարյանը մերժել է «Ժառանգության» ղեկավարին' պատճառաբանելով իր զբաղվածությունը: Այդ ժամանակ Քոչարյանը գտնվել է Ծաղկաձորում: Բայց մերժելով հանդիպել Հովհաննիսյանի հետ անձամբ, ըստ նույն աղբյուրների, նա խորհուրդ է տվել Հովհաննիսյանին հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: Այսինքն' ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանին, Գագիկ Ծառուկյանը բավարարել է ոչ թե «Ժառանգության» ղեկավարի խնդրանքը, այլ կատարել է Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությունը:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն համարում է երկրի հաղթած նախագահ և համարում է, որ հայ ընտրողների մեծամասնությունը հենց իր օգտին են քվեարկել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ավելի տրամաբանական պետք է լիներ, որ խնդրողի դերում լիներ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Գագիկ Ծառուկյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պետք է մտածեր' ընդունի՞ Ծառուկյանին, թե՞ ոչ: Ի վերջո, ԲՀԿ ղեկավարը ոչ միայն նախընտրական շրջանում չպաշտպանեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ իր հայրենի գյուղի երեք ընտրատարածքներում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների 5 տոկոսի քվեները, իսկ Սերժ Սարգսյանը' 90 տոկոսի քվեները: ԲՀԿ այլ ներկայացուցիչներ ևս բացահայտորեն աշխատել են Սերժ Սարգսյանի օգտին:
Ավելին, «Ժառանգություն» կուսակցության անդամ, խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Գագիկ Ծառուկյանին խորհրդարանական բրիֆինգների ժամանակ բնութագրել էր' որպես «Բետոնախառնիչի սեփականատիրոջ հոգեբանությամբ օլիգարխ»: Այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը չհայտարարեց, որ չի կիսում Զարուհի Փոստանջյանի տեսակետը, կամ, որ այլ կարծիք ունի ԲՀԿ ղեկավարի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ է խնդրում, որ Ծառուկյանն ընդունի իրեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում է, որ հայ հանրությունը շատ արագ հոգնելու է իր հանրահավաքներից, որտեղ ինքը ոչինչ չի ասում, բացի մի քանի ստանդարտ նախադասություններից: Եթե այսպես շարունակվի, ապա կարելի է չկասկածել, որ հրապարակը շուտով կդատարկվի: Հովհաննիսյանը մտածում է, որ հրապարակն աշխույժ պահելու համար իրեն պետք են նոր դաշնակիցներ, ովքեր կարող են օգնել իրեն: Օգնել նաև ֆինանսներով:
Դատելով հանրահավաքների կազմակերպման որակից, կարելի է եզրակացնել, որ Հովհաննիսյանն ունի ֆինանսական խնդիրներ: Ի տարբերություն նախորդ բոլոր հետընտրական հանրահավաքների, երբ ընդդիմության գրասենյակները հանրահավաքների կազմակերպման համար գումար էին բաժանում իրենց կողմնակիցներին, վճարում էին նրանց տրանսպորտային և սննդի ծախսերը, Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի ֆինանսական ներդրում չի կատարում հանրահավաքների կազմակերպման վրա: Ավելին, երբ տարածքային գրասենյակների ներկայացուցիչները դիմում են ֆինանսական աջակցության համար, կուսակցությունից պատասխանում են, որ այդ նպատակի համար գումարներ նախատեսված չեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր Գագիկ Ծառուկյանից նաև ֆինանսական աջակցություն ակնկալել: Չէ՞ որ հանրահավաքային շարժումն ակտիվ պահելու համար միայն էնտուզիազմը շատ քիչ է: Էնտուզիազմով մարդը մի անգամ կգա Երևան, երկու անգամ, բայց հետո էնտուզիազմը կվերանա:
Իսկ ինչո՞ւ պետք է Ծառուկյանը ֆինանսավորի Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս հարցին պատասխանելու համար, նախ' նկատենք, որ Ծառուկյանը մինչ այժմ չի շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երբեք չի խոսել այն մասին, որ կատարված ընտրակեղծիքներին մասնակից է եղել ԲՀԿ-ն' նրա ղեկավարի գլխավորությամբ: Բայց սա բավարար չէ, որ Ծառուկյանը ֆինանսավորի Հովհաննիսյանի հանրահավաքային շարժումը: Սա միայն արտաքին ֆոնն է: Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է ունենան կոնկրետ քաղաքական շահ: Արդ, ո՞րը կարող է լինել այն քաղաքական շահը, հանուն որի' ԲՀԿ-ն իր վրա կվերցնի Րաֆֆի Հովհաննիսյանի ֆինանսավորումը:
Առաջին և ամենակարևոր խնդիրը Սերժ Սարգսյանի թուլացումն է: Այլ բան է, եթե Սերժ Սարգսյանը հեշտ ու հանգիստ ստանձնում է նախագահի պաշտոնը, այլ բան է, երբ դա տեղի է ունենում համազգային ընդվզման և դժգոհության պայմաններում:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր պայքարը, կարողանում է ընդհարումներ կազմակերպել իշխանության հետ, լինում են ձերբակալվածներ և դատապարտվածներ, որոնք հռչակվում են քաղբանտարկյալներ, լինում է ստվերային կառավարություն և Ավետարանի վրա երդում տված Րաֆֆի Հովհաննիսյան, երկրում լինում է բոլորովին այլ քաղաքական իրավիճակ: Նման իրավիճակը կանխելու համար Սերժ Սարգսյանը, հնարավոր է, որ բանակցի Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ ամեն մի խնդրանք և դրա բավարարում ունի իր գինը:
Ի վերջո, խոսվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Ծառուկյանը ֆինանսավորում է ընդդիմադիրներին: ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ծառուկյանը ֆինանսավորել է նաև իրենց հանրահավաքային պայքարը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման պատճառներից ամենահիմնականն էլ, ըստ ներկուլիսային խոսակցությունների, այն էր, որ Ծառուկյանը մերժեց ֆինանսավորել նրա ընտրարշավը:
Հ.Գ. Երեկ «168 Ժամի» թղթակիցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից փորձել է ճշտել տեղեկություններն այն մասին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ո՛չ նման բան չի եղել»,- պատասխանել է Սողոմոնյանը: