Հայաստանում, դեկտեմբերի 25-ին, կսկսվի նախագահական թեկնածուների՝ փաստաթղթերը ներկայացնելու գործընթացը։ Այն կտեւի մինչեւ հունվարի 4-ի ժամը 18:00-ն, որից հետո կսկսվի թեկնածուների գրանցումը, ինչը կավարտվի հունվարի 14-ին։ Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013 թվականի փետրվարի 18-ին։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր վերջին համագումարում նախագահական ընտրություններում առաջադրել է Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է պայքարել նախագահի պաշտոնի համար, իսկ նրա կուսակցությունը որոշել է ոչ ոքի չաջակցել կայանալիք ընտրություններում։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ինքնառաջադրվել։ Այսօր իր որոշումը կկայացնի ՀՅԴ-ն։
Իր առաջադրվելու մասին հայտարարել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը, սակայն, նա խոստացել է հրաժարվել իր մտադրությունից, եթե իր թեկնածությունն առաջադրի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը։
Լեւոն Տեր Պետրոսյանը դեռ լռում է: