«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներով' Հայաստանում ընտրողների 52%-ն է միայն հետաքրքրված առաջիկա նախագահական ընտրություններով, 34%-ը կմասնակցի ընտրություններին, ընդ որում, 28%-ը կողմնորոշվել է, թե ում է ընտրելու:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ եթե այսօր կողմնորոշված ընտրողների 28%-ը գնա ընտրության, Սերժ Սարգսյանը կհավաքի 72% ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20%, Պարույր Հայրիկյանը՝ մոտավորապես 3%, 5.6%-ը կլինի հարցականի տակ, հնարավոր է, բաժին հասնի Բագրատյանին կամ որևէ այլ թեկնածուի:
«Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հմայել կանանց, երիտասարդներին և ինտելեկտուալներին, քանի որ մնում է միակ ռոմանտիկը մեր քաղաքական դաշտում, երազում է հեղափոխության մասին, բայց լուրջ ընդդիմադիր և հեղափոխական նրան համարել չի կարելի»,-ասում է սոցիոլոգը և նկատում, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման պատճառով բնակչության գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանին է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու: Իսկ դրան էլ հակառակ՝ արմատական ընդդիմադիրներն իրենց ձայնը կտան Հրանտ Բագրատյանին:
Ինչպես իր խոսքում նշեց Ահարոն Ադիբեկյանը, գործող նախագահին լուրջ մրցակից չկա, և դրա հիմնական մեղավորն ընդդիմությունն է, քանի որ միասնական թեկնածու ունենալու, համագործակցելու բոլոր հնարավորություններն ընդդիմությունն արդեն կորցրել է: