Արդյոք ովքե՞ր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Լուրեր.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանն է:



Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 4-ին Ողջի բանավանում (Սյունիքի մարզ):

 

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1988թ. ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ, գյուղարդյունաբերության կազմակերպիչ:

 

1980-1981թթ. «Սյունիք» խորհրդային տնտեսությունում, ապա Կապանի անտառտնտեսությունում աշխատել է բանվոր: 1984-1985թթ. Կապանի «Սպին» գործարանում՝ տնտեսագետ: 1985-1990թթ. Սևաքարի խորհրդային տնտեսությունում, ապա 1990-1992թթ. Սյունիքի թռչնաֆաբրիկայում՝ գլխավոր տնտեսագետ: 1995-1997թթ. աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա՝ գույքային հարկերի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ, 1997-1999թթ.՝ ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր: 1999-2001թթ. եղել է ՀՀ ՊԵ նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետ, Սյունիքի մարզային հարկային տեսչության պետ, 2001-2009թթ.՝ Կապանի հարկային տեսչության պետ: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ: 2011-2012թթ.' ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է:

 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համամասնական ընտրակարգով :

 

Կարդում ես այս պատգամավորի կենսագրությունն ու ասում՝ հալալ է՝ բանվորից պատգամավոր է դարձել, երանի նույն ավյունով էլ ԱԺ-ում աշխատի ու դառնա ազգիս փրկիչ-բարեփոխիչը:

 

Բայց կրկին խոսելու ենք հիասթափության ու անգործության մասին:

 

Դիմում ենք պաշտոնական տվյալների օգնությանն ու պարզում, որ Մերուժան Սիմոնյանն ԱԺ նիստերի ընթացքում իր հաշվին գրանցել է 0 ելույթ ու նույնքան էլ հարց: Փոխարենը իր շատ կոլեգաների պես չի զլացել ու քվեարկության ընթացքում ակտիվորեն սեղմել է «կողմ»-ի կոճակը՝ 451 անգամ:

 

Փոխարենը զլացել է ու 74 անգամ բացակայել, որը պաշտոնապես չի ներվել և նա հայտնվել է տուգանվող պատգամավորների ցանկում, ում աշխատավարձից որպես տույժ պահում է կատարվել:

 

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ:

 

Ինչպես հասկացանք, 39-ից մեկը մեր այսօրվա հերոսն է, իսկ մյուսների մասին դեռ կխոսենք…

 

Վերադառնալով Մերուժան Սիմոնյանին ու ավարտելով նրա պատգամավորական գործունեության մասին խոսելը, քանզի խոսելու բան չկա, անցնենք նրա հանրային կերպարին:

 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, պարոն Սիմոնյանը Կապանում գտնվող «Քարավան» հյուրանոցային համալիրի սեփականատերն է, որը հայտնի է 2012 թվականի մարմնավաճառների վերաբերյալ քննվող քրեական գործից:

 

Ի դեպ, մարմնավաճառների հետ կապված ևս մեկ պատմության մասին խոսվեց նաև 2015-ին, երբ կրկին մամուլը աղաղակեց, որ նշված հյուրանոցում մի քանի կանայք զբաղվել են մարմնավաճառությամբ:

 

Մերուժան Սիմոյանը պատգամավոր է, ով վճարվում է անգործության համար:

 

Անի Սահակյան