ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալիս, դուրս է գալիս ՀՀԿ-ից և պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Դալլաքյանը մոտ կես ժամ ներկայացրեց իր անցած ուղին, ԱԺ պատգամավոր եղած ժամանակ իր կողմից հեղինակած օրենքները, Վանաձորում իր շնորհիվ կատարված աշխատանքները, ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր- Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունները և այլն։ 

 

Բավական երկար ելույթից հետո, վերջում Դալլաքյանը ներկայացրեց երկու կարևոր փաստաթուղթ, որոնք, նրա խոսքով, փաստում են նրա մասին, որ Վանաձորում կատարվել է պետական մակարդակով հանցագործություն։ «2012 թվականի հունվարին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր և ինձ խնդրել է, որ ես շարունակեմ իր հետ համագործակցությունը և առաջարկել է անդամակցել ՀՀԿ-ին։ Մենք երկար քննարկել ենք այդ խնդիրը։ Ես ներկայացրել եմ իմ պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ, նա ընդունել է իմ մոտեցումները և ես անդամակցել եմ ՀՀԿ-ին։ Սակայն, 2012 թվականի մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ դեմ օգտագործել է, այսպես կոչված, լուսավոր հանցագործին և մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ։ Խորհրդարանական ընտրություններից 2 օր հետո Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է Ստեփանակերտ։ Մենք հանդիպել ենք 2012 թվականի մայիսի 8-ին։ Այդ հանդիպմանը ներկա է եղել Կաթողիկոսը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը և ես։ 


Սերժ Սարգսյանն ասաց՝ թույլ տվեք առանձին խոսենք։ Նա ինձ հարցրեց՝ ինչու այդպես ստացվեց (խոսքը Վանաձորի մասին էր. խմբ)։ Ես պատասխանեցի, որ եկել եմ այդ պատասխանը ձեզանից ստանալու, որովհետև ես 4 անգամ անընդմեջ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, որին դեմ են եղել ՀՀ առաջին և երկրորդ նախագահները։ Ես Սարգսյանին հարցրել եմ՝ Դուք հրապարակային իբր ինձ պաշտպանել եք, բայց արդյուքնում ես չեմ ընտրվել և նրան ներկայացրել եմ, թե Վանաձորում ինչ է տեղի ունեցել։ Օրինակ՝ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, 1 տարի 17 օր ՀՀ-ում չի բնակվել, կնոջ ու երեխայի հետ եղել է այլ երկրում։ Սարգսյանը ինձ պատասխանել է՝ բողոքարկիր։ Ես բողոքարկել եմ ու Վանաձորի թիվ 30 ընտրատատարածքային հանձնաժողովի նախագահն ինձ մերժել է։ Ես հիմա ձեզ ուզում եմ հարց տալ՝ դուք տեսե՞լ եք իշխանության թեկնածու, որն իր բողոքարկման մեջ նշում է, որ իր մրցակիցը ՀՀ-ում 1 տարի չի բնակվել և հանձնաժողովը նրան մերժում է։ Դուք 4 տարի շարունակ դա գրել եք։ 2012 թվականի մայիսի 11-ին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր և ասել՝ մի քանի օր առաջ ինքն ընդունել է «Լուսավորի» հանցագործին։ Այսինքն՝ ինձ հասկացրել է, որ ամեն ինչ ավարտված է։ Այս 4 տարիների ընթացքում փաստաբան Վահե Հովսեփյանը բազմիցս դիմել է համապատասխան պետական մարմիններին՝ այդ մարդու գրանցման մասին տեղեկություն ստանալու համար։ Ես ներկայացնում եմ այս փաստաթղթերը ու ասում՝ ստել են Տիգրան Մուկուչյանը, Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ նախկին ու ներկա պետերը, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի նախագահը, թե այդ անձը 5 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում։ Սա հաղորդում է հանցագործության մասին։ Այս հանցագործությունը կատարվել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և բուրգին նստած են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԿԸՀ-ն»,- հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը։ 

 

Վերջինս ներկայացրեց փաստաթուղթ, ըստ որի՝ իր փաստաբանը 2013 թվականի սեպտեմբերի 23-ին հարցում է ուղարկել ՀՀ-ում գտնվող ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարին և հարցրել ՀՀ մուտքի և ելքի վերաբերյալ ինչ տեղեկոսւթյուններ կան Էդմոն Մարուքյանի այցելությունների վերաբերյալ։ «Ես ներկայացնում եմ ՌԴ սահմանապահ ծառայության պատասխանը ուղղված փաստաբանին։ Էդմոն Մարուքյանը AH 0545913 անձնագրով 2009 թվականի հունիսի 13-ին ՀՀ-ից մեկնել է ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2010 թվականի մայիսի 30-ին։ Այսինքն՝ նա ՀՀ-ից բացակայել է 1 տարի 17 օր։ Այս փաստաթղթերի հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործեր հարուցել ոստիկանապետի, ԱԱԾ պետի, ԿԸՀ նախագահի նկատմամբ, իսկ այնուհետև «Լուսավոր Հայաստանի» ականջը բռնել և ուղարկել Նուբարաշենի մեկուսարան»,- շեշտեց Վիկտոր Դալլաքյանը և հավելեց՝ այս փաստերը ցույց են տալիս, որ «ԱԺ-ում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ ՀՀ բարձրագույն իշխանություններում, մամաներին չգիտեմ»։ 


Դալլաքյանը նշեց, թե ինչու է 2012 թվականին համաձայնել ստանձնել ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի և Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները. «Ես 4 տարի սպասել եմ, որովհետև կա թևավոր խոսք՝ կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակ։ Հիմա եկել է իմ քարերը նետելու ժամանակը։ Ես ուզում եմ ասել՝ այս 4 տարիների ընթացքում ես երբևէ չեմ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ես 2008 թվականին շարադրել եմ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ներկայացված ոչ մի հայտարարություն չի կատարվել։ Ես հիմա կասեմ՝ մենքկրկեսի վերածելու հայրենիք չունենք»։ 


Քրիստինա Աղալարյան