Պաշտպանության փոխնախարարի պաշտոնի առաջարկություն ինձ չի եղել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլը հաճախ է գրում, թե Արմեն Սարգսյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում: Ավելին՝ հաղորդվում է, թե այդ առնչությամբ Արմեն Սարգսյանն անձամբ է հանդիպել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և թախանձագին խնդրել, որպեսզի նշանակվի այդ պաշտոնում:

 

«Եթե նման առաջարկ լիներ, պետք է այն լիներ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից, իսկ նրանից ես նման առաջարկ չեմ ստացել: Պաշտպանության փոխնախարարն էլ նշանակվում է Հանրապետության Նախագահի որոշմամբ և հրամանագրով, իսկ ես Սերժ Սարգսյանի կողմից նման առաջարկ չեմ ստացել, նա էլ որևէ հրամանագիր չի ստորագրել»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ «թախանձագին» հանդիպումներին, որի մասին մամուլն այդքան գրում է, Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնապես հանդիպել է Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիայում՝ նոր մասնաշենքի բացման արարողության ժամանակ, որին ներկա են եղել նաև բարձրաստիճան այլ զինվորականներ, սակայն նման հարց Նախագահի հետ չի քննարկվել:

 

«Ընդամենը բացման արարողությանն ենք մասնակցել և Նախագահ Սերժ Սարգսյանն հետաքրքրվել է ծնողներիս առողջությամբ: Այդքանը: Որևէ այլ հարց չի քննարկվել»,- ասաց նախագահի խորհրդականը:

 

Անդրադառնալով ոչ պաշտոնական հանդիպումներին՝ պաշտոնյան չհերքեց, նշելով, որ այդպիսի հանդիպում եղել է դեռ երկու տարի ութ ամիս առաջ, որի ընթացքում ևս չի արծարծվել փոխնախարարի պաշտոնի հետ կապված որևէ հարցը.

 

«Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ առաջարկեց ժամանակավոր զբաղեցնել պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, որին համաձայնություն էր տվել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ այս պաշտոնի հետ կապված առաջարկ չի եղել ո՛չ նախարար Վիգեն Սարգսյանի, ո՛չ էլ, առավել ևս՝ Սերժ Սարգսյանի կողմից»:

 

Մեր ճշտող հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞ք, Արմեն Սարգսյանը հավելեց, որ ինքը պատրաստ է իր ուժերի չափով աշխատել ու ծառայել հայրենիքին: «Որտեղ էլ որ լինի, ես պատրաստ եմ այդ աշխատանքը կատարել միշտ՝ լինի դա նախարարի, փոխնախարարի, թե շարքային քաղաքացու պաշտոնում: Ես այսօր էլ աշխատում եմ պաշտպանական ոլորտում, և կապ չունի՝ դա ցածր, թե ավելի բարձր պաշտոն է: Գուցե ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ինձ հետ այդ հարցը քննարկվի, բայց ինչպես մամուլն է գրում, ես թախանձագին ոչ մեկի ոչինչ չեմ խնդրել: Ես կարող եմ Նախագահի հետ հանդիպել, զրուցել, բայց թախանձագին խնդրել որևէ բան՝ իմը չէ: Մարդիկ պարապությունից ինչ-որ բաներ են հնարում»,- եզրափակեց նա:

 

Արմինե Եփրեմյան