Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ ամեն ինչ այլևս առհավետ կորած է, նախագահը պատասխանել է.
«Պատասխանը տրիվիալ է՝ ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը: Այս աշխարհում ամեն բան հնարավոր է: Օրինակ, Ֆրանսիան և Գերմանիան մի քանի հարյուր տարի պատերազմել են իրար դեմ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ամեն բան փոխվեց: Առաջին հերթին, հանդուրժողականություն ի հայտ եկավ, հանդուրժողականություն հավատի, մշակույթի, շփման հանդեպ: Եթե դա չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները մինչ օրս կշարունակվեին:
Կարծում եմ՝ այս դեպքում նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Թուրքիան՝ հանդուրժողականություն մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատի, եկեղեցու և այլնի հանդեպ: Առանց դրա, առանց միմյանց հանդեպ հարգանքի ոչինչ չի ստացվի»: