Հալեպահայությունն այսօր օրհասական վիճակում է։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է օգնել ու աջակցել նրանց այս իրավիճակում։ Եվ ցանկացած վատ վերաբերմունք նրանց նկատմամբ կարող է ճակատագրական լինել։ Պատերազմական այս ժամանակաշրջանում, միանշանակ, Հալեպում հայերին պետք է պահի ու պահպանի եկեղեցին, հոգևոր առաջնորդը։ Բայց, ցավոք, այսօր իրավիճակն այլ է։
Եվ այսպես․ օրեր առաջ Հայաստանից մարդասիրական մեծ օգնություն ուղարկվեց Հալեպ։ ԼՈՒՐԵՐ.com-ի միջոցով հալեպահայ երիտասարդները մտահոգիչ ահազանգ հնչեցրեցին։ Նրանք մեզ հետ զրույցում բարձրաձայնեցին, որ Հայաստանից ուղարկված օգնությունը հալեպահայերին չի բաժանվում։ Իսկ ավելի կոնկրետ՝ հալեպահայերին հատկացվել է միայն օգնության 10 տոկոսը։
Հալեպահայ երիտասարդներից մեկն, ով չցանկացավ, որ իր անունը նշենք, քանի որ հնարավոր է իրեն դրանից վնաս հասցվի, մեզ հետ զրույցում ասաց, որ Հալեպի առաջնորդարանն՝ ի դեմս հոգևոր առաջնորդ Շահան Սարկիսեանի, Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնությունը չի բաժանել դրա կարիքն այդքան շատ զգացող հալեպահայերին։ «Այս գործը ղեկավարում են պարոն Ժիրայր Ռէիսյան անունով մարդը, առաջնորդ Շահան Սարկիսեանը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի հանրապետությունն այդքան քիչ օգնություն է ուղարկել։ Մենք ուզում ենք բարձրաձայնել, որ բոլորն իմանան այդ մասին»,- պատմեց երիտասարդը։ Երիտասարդը 5 տարի մասնակցել է Հալեպում տեղի ունեցած մարտերին, մի քանի անգամ լուրջ վիրավորվել է, սակայն առաջնորդարանից ոչ մի օգնություն չի ստացել։
Հալեպի առաջնորդը Շահան Սարկիսեանն է, ով, կարելի է ասել, այս ամենի պատասխանատուն է
Մեր զրուցակիցը ուղարկեց լուսանկարներ, որոնցում երևում է ՀՀ-ից ուղարկված օգնությունը, սակայն որի միայն 10 տոկոսն է հալեպահայերին բաժանվել․ «Այս օգնության միայն 10 տոկոսն է իսկապես օգնության կարիք ունեցողներին հասել։ Այս ամենի պատասխանատուն Հալեպում հայության առաջնորդ Շահան Սարկիսեանն է։ Հենց Հայաստանից օգնություն է գալիս, ինքն է որոշում՝ ինչպես բաժանել»։
Հալեպահայ մեկ այլ երիտասարդ Հովսեփ Ղարիպյանը մեզ ուշագրավ մի փաստ ասաց։ Նա նշեց, որ Հայասստանից բարերարները ավիատոմսեր են ուղարկում, սակայն Հալեպի առաջնորդարանն՝ ի դեմս առաջնորդ Շահան Սարկիսեանի, չի ցանկանում, որ հալեպահայերը տեղափոխվեն Հայաստան։ Պատճառը, Ղարիպյանի խոսքով՝ այն է, որ դրանից հետո առաջնորդարանը, որպես այդպիսին, կվերանա, առաջնորդն իր աթոռը կկորցնի։ «Արդեն մոտ 200 մարդ տեղափոխվել է Հայաստան, մոտ 600-ն էլ ինքնաթիռի տոմս կարող է ստանալ տեղափոխվելու համար»։ Ստացվում է՝ այս օրհասական պահին, երբ եկեղեցին պետք է լինի իր ժողովրդի կողքին, անում է ճիշտ հակառակը։ Երիտասարդը նշեց, որ հալեպահայերն այսօր ունեն իրենց մասին մտածող առաջնորդի կարիք, ոչ թե իրենից ուտելիք ու հագուստ գողացող առաջնորդի։
Լուսանկարները ԼՈՒՐԵՐ.com-ին ուղարկել են Հալեպից
Պատրաստեց՝ Քրիստինա Աղալարյանը
Հայաստանից ուղարկած օգնությունը
Օգնությունը, որը հասել է հալեպահայերին