Իրանի հյուսիս -արևմուտքում, որոշ հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները պետք է լուծվեն՝ կանխելով օտարերկրացիների ներկայությունը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ տեսակոնֆերանսի ռեժիմով ելույթ ունենալով Իրանի զինված ուժերի սպայական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը, գրում է ru.irna.ir-ը:
Ինչպես հայտնի է, Իրանի ցամաքային ուժերը ուրբաթ օրը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, սկսել են «Խայբարի նվաճողներ» զորավարժությունները՝ օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և մարտական ուղղաթիռներ: Այս զորավարժություններին նախորդել էին Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքները Ադրբեջանի հասցեին: Ըստ Mehr- ի՝ չորեքշաբթի օրը Թավրիզի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գնդապետ Հոսեյն Պուրսմայիլը ասել էր, որ «Ադրբեջանի կողմից Իրանի դեմ սպառնալիքները ոչ միայն Բաքվի շահերից չի բխում, այլ նաև սպառնալիք է իրեն գոյության համար»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն իր զինված ուժերը բերել է ամենաբարձր պատրաստվածության:
«Թող բոլորը հիշեն, որ եթե մեկը իր եղբայրների համար փոս փորի, ինքը կընկնի դրա մեջ: Ով կարծում է, որ կարող է ապահովել իր անվտանգությունը՝ ապավինելով մեկ ուրիշին, թող իմանա, որ դրա համար շուտով նրան ապտակ կտրվի», - ասել է հոգևոր առաջնորդը: «Կարևոր փորձարկումների ընթացքում Իրանի զինված ուժերն ապացուցեցին, որ ի վիճակի են ապահովել երկրի և՛ սահմանների, և՛ ներքին անվտանգությունը: Եթե բոլորը փորձեն պետությունները դարձնել ինքնիշխան, բանակները՝ անկախ, ապավինեն ժողովրդին և համագործակցեն հարևան երկրների բանակների հետ, սա տարածաշրջանի բարօրությունն կլինի», - ասել է նա: Ալ Խամենեին։