
Կարենի Կարապետյանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ պայքարելու է մոնոպոլիաների դեմ՝ ազատ ու մրցակցային դաշտ ստեղծելով բոլորի համար և չխնայելով ոչ մեկին:
«Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն ձևի: Ո՞նց են իրենց մոնոպոլիաներն առաջացել՝ գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ, հետաքրքիր չէ ինձ: Բայց լինելու է բաց դաշտ, թե ով այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»,- պարոն վարչապետի հերթական հայտարարությունն է` արված խորհրդարանի բարձր ամբիոնից:
Այս պարագայում հետաքրքիրն այն է, որ թիվ մեկ մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը սկսել է պարտաճանաչ հաճախել նիստերին, գրանցվել, նստել ու լսել վարչապետին՝ զարմանահրաշ քայլ պարոն Սամվելի կողմից, քանզի նա այն կերպարն է, ով ամեն կերպ խույս է տվել նիստերից ու դրանց մասնակցությունից:
Պարտաճանաչ է դարձել նաև մեկ այլ գործարար, ԱԺ նիստերից փախնող պատգամավոր՝ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:
Հարգանքն առ վարչապետ` ավելի քան ակնհայտ է:
Սակայն, վաղ է հստակ ասել, որ այս և այլ գործարարներ թուլացնելու են իրենց շուկայական դիրքերը:
ՀՀ օլիգարխիան և իշխանական վերնախավը սերտ կապեր ունեն միմյանց հետ՝ խնամի, քավոր, սանիկ և այս կերպ ավելի են ամրապնդել գործարար կապերը:
Կպնել Սամվել Ալեքսյանյանին կամ մեկ այլ նման կալիբրի գործարարի, նշանակում է` կպնել շատ-շատերին, հասնել մինչև նախագահի գրպան:
Աչքերիս թոզ փչելու, ինչպես նաև հավատ ու քվեներ ձեռք բերելու համար ներկայիս կառավարության կողմից կարվեն որոշակի քայլեր, որոնք ոչ մի էական վնաս չեն տա գործարարներին:
Եթե, իհարկե, դաշտում չհայտնվեն նոր մեծ խաղացողներ, ովքեր կարող են եղանակ փոխել:Հորիզոնում նման կետեր արդեն առկայծում են:
Հայաստանի զարգացման «ԻԴԵԱ» հիմնադրամի նախաձեռնող, բարեր, գործարար Ռուբեն Վարդանյանը «Մեդիամաքս» գործակալությանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին:
Ըստ Վարդանյանի՝ Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցել ենք մի իրավիճակի, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:
«Շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ: Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չէր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը: Սա վերաբերում է եւ մյուս սննդամթերքներին ու ապրանքներին: Ընդ որում, բոլորը չէ, որ արտադրվում են օլիգարխիկ կառույցների կողմից»,- ասել է Վարդանյան՝ նշելով, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը Հայաստանի համար վերջին շանսն է, նոր շանս այլեւս չի լինի:
Ռուսաստանցի մեծահարուստը հայտարարում է՝ վարչապետին եւ նրա թիմին աջակցելը չունի այլընտրանք, եւ պատրաստ է ֆինանսական, կազմակերպական եւ կադրային այլ ռեսուրսներով օժանդակել նրան:
Կարեն Կարապետյանը միգուցե օգտվի Վարդանյանի օգնությունից՝ խաղից հեռացնելով հանրության համակրանքը չվայելող դեմքերին:
Կամ՝ փոխզիջման խաղ խաղա մականունավոր օլիգարխների հետ՝ մտերմիկ կապեր հաստատելով Վարդանյանի հետ, ում չարատավորված անունն այս պահին ավելի քան անհարժեշտ է Կարապետյանի կառավարությանը:
Անի Սահակյան