Չնայած շատերը Հայաստանը համարում են դեռևս երիտասարդ հանրապետություն՝ հավաստիացնելով, թե 25 տարին բնավ էլ այն ժամանակահատվածը չէ, որի ընթացքում զուտ օբյեկտիվորեն կարող էր մի ողջ քաղաքական համակարգ կայանալ, փաստը մնում է փաստ, սակայն, որ ներկայիս քաղաքական դաշտի չկայացվածության, արհեստածին տարրերով ու գործընթացներով գերհագեցվածության հիմքում ընկած են ոչ այնքան օբյեկտիվ, որքան սուբյեկտիվ գործոններ. Անքննարկելի է, որ եթե իշխանութունների կողմից ցուցաբերվեր հստակ քաղաքական կամք ու վճռականություն, ոչ թե 25, այլ 10 տարին էլ լիովին բավարար կհամարվեր՝ լիարժեքորեն կայացած քաղաքական համակարգ ունեցող պետություն կերտելու համար:
Բայց այն, ինչ ներկայում տիրում է երկրի ներքաղաքական դաշտում,պարզ չկայացվածության արդյունք ոչ մի կերպ չես համարի. յուրատեսակ ստի թագավորություն՝ գլխին էլ՝ իշխանությունները: Քաղաքական դաշտը բառացիորեն գերհագեցած է իշխանական արհեստական պրոյեկտներով՝ գործունեություն ծավալող թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր դաշտերում, որոնց գոյության բուն իմաստն ու նպատակը, գոնե սթափ դատող շարքային քաղաքացու համար, ամենևին էլ գաղտնիք չէ. դրանք բոլորը մեկ կարևոր առաքելություն ունեն՝ նպաստել Հանրապետականի հեգեմոնիայի հավերժացմանը:
Բայց ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ ոչ միշտ է այնպես պատահում, որ ամեն բան ըստ նախապես մշակված պլանի է ընթանում, ու հաճախ լինում են դեպքեր, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ինչ-որ կերպ անակնկալի են բերում ոչ միայն իշխանություններին, այլև այս կամ այն քաղաքական ուժին. պատճառն այն՝ գաղափարական իմաստով տիրող դատարկությունն է կամ վակումը, որ առհասարակ բնորոշ է այս դաշտին. այլևս ոչ ոքի չի հետաքրքրում այն իդեան, որն ընկած է այս կամ այն քաղաքական ուժի հիմքում, ու ցանկացած պահի, երբ մանր խաղացողները զգում են, որ խոշորը չի կարող լիովին բավարարել իրենց քաղաքական ամբիցիաներն ու միանգամայն նյութապաշտական ձգտումները, երես են թեքում նրանից ու սկսում նոր տեր փնտրել:
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ ՀՎԿ-ի ներսում բավական տհաճ պրոցեսներ են սկսվել, ու հիմա յուրատեսակ առճակատում է հասունանում կուսակցության ղեկավարության ու կուսակցությանը անցյալում միացած մանր ուժերի միջև. վերջիններս իբր իրենց խաբված են զգում ու հիմա որոշել են կուսակցության արտահերթ համագումար հրավիրել: Թե որքանով են համապատասխանում նմանօրինակ լուրերն իրականությանն, իհարկե, դեռևս պետք է ճշտել, բայց եթե ամեն բան իրոք այնպես է, ինչպես որոշ լրատվամիջոցներ են պնդում, ապա դա կարելի է վերը նկարագրված արատավոր երևույթի մի անկրկնելի օրինակ համարել:
Չնայած մեզանում ալևս մոդայիկ չէ հատկապես քաղաքականության մեջ վեհ գաղափարներից ու բարձր իդեալներից խոսել, ու գրեթե բոլորն ընդունում են, որ նյութապաշտական այս դարում գաղափարը համընդհանուր կոնսոլիդացիայի հիմք ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ, փաստ է, սակայն, որ դեռևս չի գտնվել այն, ինչը կարող է իրական այլընտրանք դիտարկվել նույն գաղափարին: Իսկ մեզանում նյութականի ֆետիշացումը հիմնականում պայմանավորված է շատ կոնկրետ նպատակով մշակված ու վերևից թելադրված քաղաքականությամբ, որի ջատագովները հենց իշխանություններն են. միակ բանը, որ կարող է իշխանական պրոյեկտ համարվող այս կամ այն քաղաքական ուժին մոտիվացնել, մնում է փողն ու իշխանությունը, հանուն որի շատերը պատրաստ են ուրանալ այն իդեալները, առանց որոնց քաղաքականությամբ զբաղվելը դառնում է պարզ վաշխառություն: Ասել կուզի՝ դաշտում տիրող անբարեհույս վիճակի բուն մեղավորները հենց իշխանություններն են՝ իրենց հեղինակած արհեստական քաղական պրոյեկտներով, որոնք նույնքան ապագաղափարայնացված են, որքան ոսկին՝ ինքը:
Բայց ինչպես կյանքն է բազմիցս ապացուցել, չնայած հայաստանյան խայտառակ ռեալներին՝ գաղափարը կա և մնում է այն հիմնական ու միակ իրական առանցքը, որի շուրջ հնարավոր է կոնսոլիդացիա ապահովել ու թիմ ստեղծել, քանի որ եթե չկա համընդհանուր իդեալ, չկա տեսլական, չի կարող և լինել քաղաքական թիմ. ապագան այն քաղաքական ուժինն է, որը կկարողանա դառնալ հենց այն առանցքը, որն ի վիճակի կլինի իր շուրջը համախմբել հասարակության գաղափարայնացված հատվածին, որի համար նյութականը ստորադաս է քաղաքական իդեային:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ