Որքան մոտենում են համապետական ընտրություններն, այնքան սրվում է այն հարցը, թե ապագա խորհրդարանում ուժերի ինչպիսի համամասնություն է տիրելու. ՀՀԿ-ին հաջողվելո՞ւ է, արդյոք, մեծամասնություն կազմել խորհրդարանում ու նախկինի պես վարվել այնպես, ինչպես կցանկանա, ինչպես խելքին կփչի: Բանն այն է, որ քաղաքական վերլուծաբանների գերակշիռ մասը հակված է այն տեսակետին, որ Հանրապետականին, այնուամենայնիվ, առաջիկայում չի հաջողվելու կրկնել վաղուց սովորական դարձած սցենարն ու ապագա խորհդրարանում ունենալ բացարձակ մեծամասնություն. ստիպված են լինելու բավարարվել 30-40%-ով: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ուզած-չուզած՝ արդեն իսկ ստիպված է մեթոդներ ու ճանապարհներ մոգոնել՝ իրերի նման զարգացումների պարագայում պահպանելու սեփական վերահսկողությունը Ազգային ժողովում. ով-ով, բայց ՀՀԿ-ականներն այս հարցում անգերազանցելի են:
Ինչպես հայտնի է, հայրենի խորհրդարանն ընդունեց ԱԺ կանոնակարգի մասին նոր օրենքը, որով նախատեսվում են որոշ նորամուծություններ, որ, դատելով դրանց բովանդակությունից, կոչված են լինելու լուծել վերոհիշյալ խնդիրը, որ չնայած ժողովրդավարության տեսանկյունից կործանարար կարող են լինել Հայաստանի համար, բայց ոմանց համար էլ դառնալու են իսկական փրկօղակ՝ հասնելու քաղաքական բաղձալի նպատակներին. նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով:
Այն, որ ուրիշների փոխարեն կոճակ սեղմելու արատավոր պրակտիկան խիստ տարածված երևույթ է Ազգային ժողովում, գիտի նույնիսկ մանկահասակ երեխան. չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ օրենքների բացարձակ մեծամասնությունը մեզանում ընդունվել է հենց այդ սկզբունքով, ու «Հանրապետականին» բոլոր դեպքերում մշտապես հաջողվել է իր համար ցանկալի օրենքներն անցկացնել՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին խորհրդարանի դահլիճում քանի կողմնակից կամ կուսակից է ներկա գտնվել: Ու հիմա նոր օրենքով փաստացի փորձ է արվում օրինականացնել այն, ինչը բազում տրտունջքների ու բողոքների տեղիք էր տվել նախկինում: Այնպես որ՝ կարելի է ասել՝ իշխանությունները վերջապես գտել են երկրում կարգուկանոն հաստատելու միակ ճանապարհն, ու դա, ինչպես կարելի է ենթադրել, օրինախախտումներն օրինականացնելն է…
Բայց պակաս երկիմաստ չէ նաև մեկ այլ նորամուծություն, որով նախատեսվում է, որ պատգամավորներն այլևս հնարավորություն չեն ունենա փոխելու սեփական խմբակցությունն, իսկ եթե, այնուամենայնիվ, հանդգնեն այդ անել, մնալու են «օդում կախված»՝ առանց կոնկրետ կարգավիճակի: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե սույն նորամուծությամբ փորձ է արվում ավելի կայուն մթնոլորտ ապահովել ապագա խորհրդարանում, բայց սրանով փաստացի փորձ է արվում՝ զրկելու պատգամավորին ազատությունից ու փայլուն հնարավորություն ստեղծելու խմբակցությունների թուլացման համար:
Բայց այս ողջ պատմության մեջ ամենացավալին մեկ այլ բան է. ապացուցվեց շատերի համար վաղուց ակնհայտ դարձած այն իրողությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընդամենը հերթականներից են լինելու ու որևիցե էական փոփոխություն իրենց հետ չեն բերելու. իշխանությունների տրամաբանությունն ու նպատակները մնում են նույնն, իսկ ահա դրանց հասնելու մեթոդները կարող են և վերանայվել…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ