Վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլեւ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում։ Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն։ Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը։ Ըստ մասնագետների՝ պատճառն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են։ Ինչպես հայտնի է, հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով։ 

Արդյունքում, խմիչքները շարունակելու են թանկանալ նաեւ հաջորդ տարի։ Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկն այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ։ Բացի այդ, թանկացել է ալյուրը, ընդ որում՝ այդ թանկացումը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո և շատ փորձագետների կարծիքով, այստեղ մենք գործ ունենք հակամրցակցային պայմանավորվածության հետ: Խորհրդարանական ընտրություններից հետո այլուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար՝ բարձր տեսակի 50 կիլոգրամանոց պարկի հաշվարկով: Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար, 40 ցենտ: Այսինքն, նոր Հայաստանում դեռևս գործում են հին Հայաստանին բնորոշ մոնոպոլ երևույթները:

Հասկանալի է, որ ալյուրի թանկացումը հանգեցնելու է շղթայական թանկացումների, ինչն էական հարված կլինի քաղաքացիների գրպանին: Մտածո՞ւմ է այդ մասին կառավարությունը, ի վերջո՝ խոստումները, թե կառավարությունը ունի լծակներ՝ կանխելու հնարավոր գնաճը՝ չեն իրականանում: Լռություն է պահպանում նաև ՏՄՊՊՀ-ն, ինչն ավելի քան զարմանալի է, քանի որ Արտակ Շաբոյանի գերատեսչությունից, հատկապես նախատոնական այս շրջանում, ավելի մեծ զգոնություն էր ակնկալվում: Սակայն, գուցե նաև ՏՄՊՊՀ-ո՞ւմ են գիտակցում, որ երկրում իրավիճակ չի փոխվել, հետաևաբար, կարելի է նաև շարունակել նախորդ տարիներին որդեգրած աշխատելաոճը, իսկ ժողովուրդը մի կերպ յոլա կգնա՝ սովոր է…


Ս.Խաչատրյան