Չի կարելի որևէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը`  ի պատասխան վարչապետի ընտրություններից հետո Հանրապետականի հասցեին հնչած մեղադրանքների:

«Ինչքան հանրահավաքի մասնակից ցանկացած անձ ունի դիրքորոշման և կարծիքի իրավունք, այնքան էլ՝ հանրահավաքի մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, այդ թվում՝ պատգամավորները: Հետևաբար՝ որևէ մեկը որևէ մեկին իր կարծիքի համար պիտակավորելու իրավունք չունի: Եթե դուք իմ դիրքորոշմանը չեք և չեք պաշտպանում իմ կողմից առաջ քաշված թեկնածուին, ապա չի նշանակում, որ դուք դավաճան եք», - նշեց Կոստանյանը:

 

ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ  բարդ իրավիճակ է ստեղծվել։ 

Անդրադառնալով տեսակետին, որ Հանրապետական կուսակցություն այլևս գոյություն չունի՝ Կոստանյանն ասաց, որ ցանկացած կուսակցություն իր գաղափարախոսություններով և մոտեցումներով գոյություն ունենալու իրավունք ունի և ժխտողական գնահատականներ հնչեցնելն այս առումով ճիշտ չէ:

Հարցին՝ արդյոք մյուս շաբաթ ՀՀԿ-ն կքվեարկի Փաշինյանի օգտին, Կոստնյանն ասաց. «Դեռևս մեկ շաբաթ կա, հետո կխոսենք: Ինձ համար դժվար է Հանրապետականի դիրքորոշումը հայտնել, կանխատեսումներ անել, դուք տեսել եք, որ ես այսքան ժամանակ կուսակցական որոշումների չեմ մասնակցել, որովհետև ես կուսակցական չեմ», - նշեց նա: