Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Շահնազարյանի դիտարկումներին:
Դավիթ Շահնազարյանն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազատվել կոռուպցիայից, քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի հայտնվել բանտախցում՝ նկատի ունենալով այն, որ Ավինյանի գործարանը դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: (Ավելի ուշ Ավինյանը հայտնել էր, որ այդ դրամաշնորհը ստացել է նախքան իր պաշտոնավարումը: Այդ ծրագրին իրենց ընկերությունը դիմել էր դեռ փետրվար ամսին):
«Ես, անկեղծ ասած, մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է: Եվ հիմա էլ տարակուսում եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր դրոշ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձևակերպումը ճշմարտության հետ աղերս չունի»,-ասաց Միրզոյանը:
Նրա կարծիքով՝ Շահնազարյանը գիտակցաբար սխալ կողմն է պաշտպանում: