Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ և հրապարակային է։ Կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու, ԱԺ-ում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, երեկ հանդիպել են փոխվարչապետերը, կա պայմանավորվածություն՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։
Մյուս ուղղությունը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են» , - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նախարարն ասաց, թե «Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ և որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է։
«Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են» - ասաց ԱԳ նախարարը։