Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

Այս մասին Միրզոյանը նշեց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Ես կարծում եմ, որ այդ բարբարոսությունը, Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, շաբաթներ առաջ խայտառակ «պուրակի» բացումը վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հավելեց, որ սա այն դիրքորոշումն է, որն ունի Հայաստանի Հանրապետությունը և դրանում որևէ փոփոխություն չկա: