Երեկ Հայաստանի հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման շրջանակում քաղաքագետ, փորձագետ Գևորգ Մելիքյանը հյուրընկալել էր քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս Խաչիկ Գալստյանին: Ռադիոհաղորդման ընթացքում նրանք քննարկեցին մի շարք ներքաղաքական հարցեր: Զրույցի սկզբում Խաչիկ Գալստյանը համաձայնեց Գևորգ Մելիքյանի այն դիտարկման հետ, որ ներքաղաքական դաշտը սկսել է շատ լուրջ վերադասավորումների ենթարկվել: Մասնավորապես Կարեն Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ և դրա արդյունքում առաջ եկած բազմաթիվ փոփոխությունները, ընդդիմության և իշխանության նոր մոտեցումները, քաղաքական դաշտում տարիների ընթացքում ստեղծված մեծ վակուումը, որը կարծես թե ոչ մի ուժ չի կարողանում լցնել:
Խաչիկ Գալստյանը դա պայմանավորեց առաջիկա խորհրդարանական ընտրություններով՝ միաժամանակ հավելելով, որ անկախության տարիների ընթացքում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հասել են մի կետի, երբ հասկացել են, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Բայց ինչպե՞ս շարժվել առաջ՝ ահա այստեղ է, որ մեծ խնդիրներ են առաջանում:
17 տարի միանձնյա կառավարող իշխող կուսակցությունը, որն ունի լեգիտիմության խնդիր, փորձեց նոր վարչապետի միջոցով նոր շունչ, թարմություն հաղորդել քաղաքական դաշտին: Մյուս կողմից ընդդիմությունը ևս ունի վստահության և լեգիտիմության խնդիր, քանի որ վերջին ՏԻՄ ընտրություններն անգամ ցույց տվեցին, որ ներկա ուժերով և ռազմավարությամբ ընդդիմությունը կարող է և ապագա խորհրդարանում ներկայացված չլինել, ուստի նա ևս փորձում է փոխել իր մարտավարական մոտեցումները:
Գալստյանը նաև հավելեց, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է: Ազգը ժամանակին բռունցքվեց, գաղափարներ առաջարկեց և դրան հաջորդեց 25 տարվա իներցիոն գոյությունը:
Այսօր այդ գաղափարներն իրենց արդեն սպառել են և հասարակությանը անհրաժեշտ են նոր գաղափարներ, նոր դեմքեր, մոտեցումներ, նոր խթան:
Գևորգ Մելիքյանի այն հարցին, թե արդյո՞ք ներկայի քաղաքական ուժերը չեն կարող այդ խթանը հանդիսանալ, Խաչիկ Գալստյանը նշեց, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը իրենց սպառել են: Հասարակությանն անհրաժեշտ է վերկուսակցական նոր ձևաչափ, որը կկարողանա լուծել առկա խնդիրները: Խաչիկ Գալստյանը վստահ է, որ հասարակության մի ստվար զանգված, որը ցանկություն ունի մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին առանց կուսակցական դրոշների, չունի ինքնարտահայտվելու հարթակ: Ուստի, այստեղ է, որ օգնության է գալիս շարժման գաղափարը: Նա հավելեց, որ իրենք արդեն ստեղծել են այդպիսի շարժում: Շարժման մեջ ներգրավված են համախոհներ, ովքեր չունեն ինքնահաստատվելու անհրաժեշտություն, բայց վստահ են, որ կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման հարցում:
Սակայն արդյո՞ք այդպիսի փորձեր չի անում ընդդիմությունը, ով փորձում է դաշինքներ ձևավորել, նոր մոտեցումներ առաջ քաշել հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը այլևս պետք է միայնակ չփոշիացնեն քաղաքական դաշտը: Վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ հնարավոր չէ միայնակ ձևով հակակշռել իշխանությանը: Մեր հասարակությանն անհրաժեշտ է առողջ սերնդափոխություն, որի գաղափարն էլ դրված է նորաստեղծ շարժման հիմքում՝ առանց փոխադարձ վիրավորանքների և բացասական մոտեցման:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել հետևյալ հղումով՝
https://soundcloud.com/armradio/status-quo-31102016-khachik-galstyan