Վանաձորի ավագանու այսօրվա արտահերթ նիստը տապալվեց. «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին այն։ Արտահերթ նիստի օրակարգում ներառված էին համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու, համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու մասին հարցերը, ինչպես նաև 2017թ-ի բյուջեի նախագիծը։

 

Իհարկե, ընդդիմության բոյկոտի նպատակն ավելի քան պարզունակ է, որովհետեւ հասարակությանը, մեծ հաշվով, չեն հետաքրքրում այն չորս դավաճաններն, ովքեր նպաստեցին փոքրամասնության մեջ հայտնված ՀՀԿ թեկնածուի հաղթանակին։ Հասարակությանն այս տարիներին դավաճանել է ամբողջ ընդդիմությունն՝ իր գործունեության շեշտը դնելով ոչ թե հասարակական պատվերի, այլ իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների վրա։ Սա նույն «պրիմիվ գողության» տրամաբանությունն է, երբ ցերեկով հասարակությանն իշխանափոխություն են խոստանում, իսկ գիշերն իշխանություններից մանդատներ են մուրում։ Հիմա Վանաձորում ընդդիմության էլիտան ուզում է բացահայտել չորս մարդկանց, ովքեր «հանդգնել» են իր փոխարեն կամ իրենից առաջ պայմանավորվել իշխանությունների հետ։

 

«Պրիմիվ գողության» դասական դրսևորում է նաև իշխանության վարքագիծը։ Երբ իշխանությունն ամբողջ օրը «պատռվում» է իրեն ազատ մրցակցության ջատագով ներկայացնելով, բայց դողում է աթոռի համար՝ անգամ փոքր քաղաքում, մտածում ես, որ հենց «պրիմիվ գողությունն» է հանրապետականների իրական գաղափարախոսությունը։ Եվ ոչ միայն նրանց։ Այս առումով՝ մեր քաղաքական համակարգում լիարժեք համաձայնություն և կոնսենսուս կա։

 

Սարգիս Հակոբյան