Մի քանի օրից մեկնարկում է քաղաքական աշունը: Շուտով կշարունակենք ականատեսը լինել բարձրագոչ հայտարարությունների, ազգի համար քուն ու դադարը կորցրած իշխանության և ընդդիմության անզուսպ կռիվների՝ «էլ գող փիսո, էլ քաչալ շուն»...
Ի՞նչ սպասենք գալիք աշնանից, որը վերջինն է 2018 թվականից և խորհրդարանական կառավարման անցնելուց առաջ: Քաղաքական այս աշունը պետք է որ ամենահետաքրքրիրն ու ինտրիգայինը լիներ, սակայն առայժմ՝ համատարած լռություն է տիրում:
Կմեկնարկի քաղաքական հերթական թատերաշրջանը՝ «հաց և տեսարաններ», սակայն մեր երկրում ցավալի իրականությունն այն է, որ կա միայն տեսարանը, իսկ հացը միշտ բացակայում է՝ սոված պահելով քաղաքացուն:
Իշխանությունը շարունակելու իր որդեգրած քաղաքականությունը, այս ու այն կողմ ցույց տալով իր ուժն ու մենիշխանությունը: Իշխող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, հաճախ մեկը մեկին մեսիջներ ուղարկելով, շարունակելու են ղեկավարել երկիրը՝ հավատարիմ մնալով ձևավորված քաղաքական կուրսին: Մեկը մյուսին զսպելով, մեկը մյուսին կծելով, հաճախ սիրելով՝ շարունակելու են անել այն, ինչ անում են վերջին տարիներին. կընդունեն օրենքներ, որոնք ձեռնտու կլինեն իշխանություններին, կշարունակեն «պայքարել» կոռուպցիայի դեմ, կխոսեն քաղաքակրթությունից, «Դոինգ» բիզնեսով Հայաստանը մի քանի սանդղակ վերև կբարձրանա և այլն: Իշխանությունն այս պիեսում կշարունակի խաղալ իր՝ գլխավոր դերը:
Գանք ընդդիմությանը, կամ՝ ընդդիմություններին: Խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժ ունենք: Մեկը մյուսից տարբեր, ավելին՝ մեկը մյուսին հակառակորդ: Ընդդիմություններն էլ կապահովեն իշխանության ներկայացման երկրորդական դերերը: ԵԼՔ-ը կքննադատի, «Ծառուկյան» դաշինքը կանի այն, ինչ այդ պահին հարմար լինի:
Հասարակությունը, քաղաքացիները ոչ մի փոփոխություն չեն տեսնի: Կտեսնեն միայն այն, ինչ տեսել են նախորդ տարիներին: Իհարկե, մենք անուղղելի լավատես ժողովուրդ ենք: Հենց դա է պատճառը, որ ամեն ամառվա վերջին և աշնան սկզբին ինչ-որ լավ բանի ենք սպասում:
Մինչ իշխանությունը շարունակի իր միանձնյա և «ինչ ուզեմ՝ կանեմ» քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը «դամ կպահի», մարդիկ կշարունակեն արտագաղթել, հիվանդները բժշկի փող չունենալով, կմահանան, մի քիչ ճարպիկները կարտագաղթեն, ծնելիությունը կշարունակի նվազել… Կշարունակենք տեսնել տեսարաններ, իսկ հացը կմնա բկներիս:
Բեմի մյուս կողմում, որտեղ բոլորից անջատված և այլ օրակարգ ունեցող չնչին զանգվածն է հավաքվում, կշարունակվեն «Սասնա ծռերի», Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի, «Նորքի բանդայի» դատավարությունները: Սա էլ քաղաքական պիեսի այն հատվածն է, որ բեմադրվում է գրեթե ամեն շաբաթ:
Այս ամենի ֆոնին մեր երկրին նոր ուժ է հարկավոր: Նոր մարդիկ ու նոր գաղափարներ, որոնք կառաջարկեն նոր օրակարգ: Մեր ժողովրդին պետք է այնպիսի օրակարգ և այնպիսի քաղաքական կուրս, որը կմտածի մարդու՝ քաղաքացու մասին: Քանի դեռ գործող ուժերը՝ մեկը մյուսի հետ «պասերով» գնդակ են խաղում, ահագնանում է երկրի գլխին կախված վտանգը:
Գալիք աշունն ամենահարմար և ճիշտ պահն է, որպեսզի ասպարեզ գան և իրենց օրակարգը հասարակությանը հասցնեն նոր ուժերը:
Արսեն Սանամյան