Այնպես է ստացվել, որ կառավարության փոփոխությունից հետո՝ երկրում քաղաքական օրակարգ ձեւավորողը դարձել է Կարեն Կարապետյանը։
Նա արտահամակարգային գործիչ է, ինչն իր խոսքի հանդեպ հանրային սպասումներ է ձեւավորել։
Ավարտվող շաբաթվա հիմնական թեմաներից մեկը վերաբերում էր ապօրինի հարստացման քրեականացմանը։ Հարցը կառավարության վերջին նիստում ձեւակերպել է հենց Կարեն Կարապետյանը. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երեքշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող նախագիծ ներկայացնել Կառավարությանը»։
Մի կողմից պարզ է, որ եթե կառավարությունը մտադիր է համակարգված պայքար մղել կոռուպցիայի դեմ, ապա դա պետք է ամրապնդվի օրենսդրական բազայով։ Մյուս կողմից` մարդիկ ասում են, որ նույնիսկ այսօրվա օրենսդրությունը բավարար է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար։
Նման տեսակետ ունեցողները ասում են, որ հարցը քաղաքական կամքի եւ որոշման մեջ է։ Եթե հետեւենք այս տրամաբանությանն, ապա կոռուպցիայի դեմ պայքարի առնվազն մասշտաբի հարցում քաղաքական որոշում դեռ կայացված չէ, եւ կառավարությունն առայժմ խաղում է ժամանակի վրա։
Հոռետեսները համոզված են, որ նույնիսկ օրենսդրական կարգավորումից հետո՝ կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ իրական ու հետեւողական պայքար չի լինելու։ Կա վտանգ, որ հետադարձ ուժ չունեցող օրենքն ավելի շատ պաշպանական նշանակություն է ունենալու մինչ այսօր տեղի ունեցած ապօրինի հարստացումների համար եւ, ըստ էության, չի կանխարգելելու նոր հանցագործությունները։ Գուցե մի փոքր խիստ եւ ծայրահեղականացված կարծիք է։ Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Հայաստանում պաշտոնը դարձել է արագ հարստացման հիմնական աղբյուր եւ կոռուպցիոն բուրգը կայացել է ամենաբարձր իշխանության խրախուսմամբ ու մասնակցությամբ։
Նույնիսկ կարելի է վստահ պնդել, որ այդ բուրգն եղել է Հայաստանի իշխանության «ինքնաբավության» աղբյուրը։ Ասել կուզի, որ եթե հակակոռուպցիոն օրենսդրությունը գործի ամբողջ ծավալով, ապա իշխանավորների կեսը կհայտնվի ճաղերից այն կողմ։ Ոչ մի իշխանություն չի գնա նման ինքնաոչնչացման։ Էլ չասած այն մասին, որ հակակոռուպցիոն պայքարը կարող է արդյունավետ լինել դատական կայացած համակարգի պարագայում, իսկ մեր արդարադատության վիճակը, մեղմ ասած, ողբալի է։
Հենց այստեղ էլ ծնվում է իմ հիմնական մտահոգությունը, որ հակակոռուպցիոն, ապօրինի հարստացման դեմ օրենսդրությունը կկիրառվի հատվածական եւ կուղղվի հիմնականում պաշտոնյաների դեմ, ովքեր կարող են տարբեր պատճառներով անցանկալի դառնալ իշխանությունների համար։ Օրինակ նման բան Ռուսաստանում կատարվել է. հիշենք նույն Խոդորկովսկու գործը։ Իսկ մենք շատ հաճախ սիրում ենք ընդօրինակել ռուսական փորձը։
Սարգիս Հակոբյան