Այսօր Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձն է։ Չնայած սովետների երկիրը վաղուց չկա եւ նույնիսկ գործնականում զրոյական է կոմունիստական ռեւանշիզմի վտանգը, պատմական այս իրադարձության գնահատման տարբեր ընկալումները հետսովետական տարածքում պահպանվում են։

 

Քիչ չեն մարդիկ, ովքեր այսօրվա դժնդակ իրականության մեջ՝ կարոտով են հիշում սոցիալիստական անցյալը՝ մոռանալով, որ այդ հասարակարգը մարդակուլ էր՝ հենց իր էությամբ։ «Աղքատների հավասարության» սկզբունքով գործող համակարգում բացառվում էին մարդու անվտանգությունն ու ազատությունը, որովհետև նա ընդամենը փորձադաշտ էր «պրոլետարիատի դիկտատուրայի» ներքին եւ արտաքին բովանդակության ռեալիզացիայի համար։

 

Կոմունիստների ստեղծած համակարգը բանտ էր սեփական քաղաքացիների, ուղղակի մարտահրավեր՝ եվրոպական հարեւանների ու գաղափարական, քաղաքական աղետ՝ աշխարհի համար։


Արդյոք հոկտեմբերյան հեղափոխությունը կասեցրե՞ց ռուսական կայսերականությունը, թե՞ դարձավ դրա նոր դրսևորումը։ Ավելի շուտ՝ երկրորդը, որովհետեւ Պուտինի մեծապետական քաղաքականության մեջ շատերը տեսնում են հենց սովետական անցյալի վերակենդանացման հույս։

 

Հոկտեմբերյան հեղափոխությունն, ըստ էության, պատմական մեծ արկածախնդրություն էր, որը հնարավոր դարձավ ռուսական կայսրության նեխվածության ֆոնին։ Եթե մեր երկրում դեռ կան հոկտեմբերյան հեղափոխությունը տոն համարողներ, ապա դա հետևանք է այսօրվա ոչ արդյունավետ կառավարման։ Այս հանգամանքն այսօր նույնպես դուռ է բացում նոր արկածախնդրությունների առջև՝ անկախ դրանց գաղափարական հիմնավորումներից եւ կարգախոսներից։


Սարգիս Հակոբյան