ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ուսումնասիրվել է Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հղած հանձնարարագրի համաձայն Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։
ԱԱՏՄ աշխատակիցները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների ընթացքին, որի շրջանակում արդեն ավարտին են հասցվել նշված բնակավայրին խմելու ջուր մատակարարող Կաթնաղբյուրի ջրատարի օրվա կարգավորիչ ավազանի մաքրման եւ ախտահանման աշխատանքները։
«Ներկա պահին խմելու ջրի մատարարումը դադարեցված է գյուղում։ Այն կվերականգնվի ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն, երբ վերջնականապես կբացառվեն ջրի որակի շեղումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԱՏՄ ղեկավարի կարգադրագիրը ստանալուց հետո Տաշիր համայնքի ղեկավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկել։
Ձեռնարկված քայլերի եւ ընթացիկ միջոցառումների մասին գրությամբ տեղեկացվել է նաեւ Լոռու մարզպետը։