Խորհրդարանական առաջիկա ընտրություններին իշխանությունները բավականին լուրջ են պատրաստվում: Նախ, սկզբում մտադիր են կարգի հրավիրել ընտրական ցուցակները, ապա նաև՝ ի մի բերել ֆինանսական բոլոր ռեսուրսները: Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ ծավալուն աշխատանքը ՀՀԿ-ն սկսել է մարզերից:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն միտված է սատարել «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Կարեն Վարդանյանին, ով այս անգամ կառաջադրվի թիվ 40 ընտրատեղամասում՝ Նոյեմբերյանում, այսպիսով փոխարինելով ՀՀԿ գործող պատգամավոր՝ Մարինե Մարաբյանին:
Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականին, այստեղ մեծամասնական ընտրակարգով հիմնական մրցակիցներն էին «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Միքայել Վարդանյանը և «Արման ՕԻԼ» ընկերության հիմնադիր տնօրեն, արմատներով նոյեմբերյանցի՝ Արման Ամիրաղյանը: Թեև Արման Ամիրաղյանը ՀՀԿ անդամ էր, ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց Հրանտ Վարդանյանի որդուն: Ասում էին՝ Վարդանյանների ընտանիքը խուճապի էր մատնված՝ «արժանի հակառակորդի» գոյության փաստից: Ու թեև ընտրությունների արդյունքում Ամիրաղյանը համառորեն հաղթեց՝ ինչպես պնդում էին նրա շտաբի անդամները և տեղաբնակները, բայց պատգամավորական մանդատը վերջնականապես բաժին հասավ հայտնի գործարարի որդուն, ինչը հաջողվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով:
Ժամանակին Քոչարյաններն ու Վարդանյանները բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ էին:
Իսկ ահա՝ 2012թ.-ին, ՀՀԿ-ն այստեղ Հրանտ Վարդանյանի որդուն փոխարինեց «Մասիս տոբակո»-ի տնօրեն Մարինե Մարաբյանով: Մեզ հասած տեղեկություններով՝ «հայտնի» անհայտ պատգամավորը, որին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնիսկ չէր մտաբերում, իր աշխատանքով չի գոհացրել վերնախավին, արդյունքում՝ այս անգամ իր նախապատվությունը տվել է Կարեն Վարդանյանին: Ասում են՝ Կարեն Վարդանյանն այստեղ ընտրվելու բավականին լուրջ շանսեր ունի:
Մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ իշխանական մյուս թևը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, նույն ընտրատարածքում մտադիր է առաջադրել «Գրանդ Հոլդինգ»-ի մյուս սեփականատեր Միքայել Վարդանյանին, բայց, քանի որ ՀՀԿ-ն այստեղ առաջադրում է Կարեն Վարդանյանին, և երկու եղբայրները չեն կարող մեկը մյուսի դեմ դուրս գալ, «Դաշնակցությունը» մտադիր է փոխել թեկնածուին և առաջարկել Արտավազդ Սահակյանի թեկնածությունը, ով մասնագիտությամբ վիրաբույժ է:
Այս ընտրություններին չի առաջադրվի նաև «Արման ՕԻԼ» ընկերության հիմնադիր տնօրեն, արմատներով նոյեմբերյանցի՝ Արման Ամիրաղյանը, ով իշխանություններից դեռ նեղացած է, քանի որ նախորդ ընտրություններին ինքը խոշոր գումարներ ծախսեց, այսպես ասած՝ ապարդյուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին կայանալիք ՀՀԿ համագումարում նախատեսվում է ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ կատարել: Չի բացառվում, որ այլ փոփոխություններ ևս տեղի ունենան: Մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը չէր բացառել, որ անկուսակցական Կարեն Վարդանյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին: