Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ ներկայիս Հայաստանում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկը, եթե ոչ գլխավորը, «կուսակցություն» կոչվող երևույթն է դարձել: Իհարկե, կուսակցություններ եղել են նախկինում, կան այժմ ու կլինեն ապագայում, քանի որ դա դեռևս մեզանում միակ ձևն է քաղաքական գործունեություն ծավալելու, բայց փաստը, որ Հայաստանում քաղաքական կուսկացությունները, որպես հասարակական ինքնակազմակերպման յուրատեսակ ձև, այլևս սպառել են իրենց, անհերքելի ճշմարտություն է՝ որքան էլ ոմանց համար դա կարող է դաժան հնչել:
Թե հատկապես ինչպես ստացվեց այնպես, որ Հայաստանում «կուսկացություն» բառը սկսեց մեծամասամբ ասոցացվել «կեղծիք», «դեմագոգիա», «պոպուլիզմ», «խաբեություն» եզրույթների հետ, թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել: Այդ անելու համար հարկավոր է ընդամենը մի հպանցիկ հայացք նետել ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում գործունեություն ծավալող քաղաքական ուժերի անցյալի ու ներկայի ուղղությամբ, որպեսզի պարզ դառնա՝ քաղաքական ուժերն ի սկզբանե նպատակ չեն հետապնդել՝ դառնալու ժողովրդական ամենալայն զանգվածների ձայնը՝ պետական բարձրագույն ատյաններում ու ներկայացնելու ոչ թե իրենց նեղ, այլ՝ ժողովրդական շահերը. բոլորն, առանց բացառության, մեկ հիմնական նպատակ են հետապնդում՝ ժողովրդին խաբեության զոհ դարձնելու ճանապարհով հասնել իրենց անձնական ամբիցիաների բավարարմանը:
Իսկ ասվածում համոզվելու համար շատ հեռու գնալ պետք չէ. գերիշխող քաղաքական ուժի՝ «Հանրապետականի» օրինակն, այս իմաստով, կարելի է դասական համարել: Ի սկզբանե ներկայանալով որպես Նժդեհի գաղափարների վրա հիմված պահպանողական քաղաքական ուժ՝ խիստ կարճ ժամանակահատվածում կուսակցությունն այս հաջողացրեց դառնալ Հայաստանի անկման բացառիկ խորհրդանիշներից մեկը. ունենալով երկրում բացարձակ ու տոտալ իշխանություն, օժտված լինելով կառավարման բոլոր հիմնական լծակներով, տիրապետելով բառացիորեն անսպառ նյութական միջոցների՝ հենց «Հանրապետական» կուսակցության նպատակամիտված, հստակ պլանավորված ու լավ ծրագրված քաղաքականության արդյունքում է, որ այսօր Հայաստանը վերածվել է կիսահետամնաց տնտեսությամբ մի պետության, ուր ապրող մարդիկ երազում են օր առաջ լքել հայրենի եզերքն ու հեռանալ:
Բայց հայ հասարակությունն անհամեմատ ավելի երջանիկ կլիներ, եթե քաղաքական դաշտի փչացվածությունը սկսվեր ու ավարտվեր «Հանրապետականով». «ընդդիմադիր» հռչակված քաղաքական ուժերը ևս ոչնչով հետ չեն մնում հեգեմոնից: Չնայած սրանք այնքան շուտ-շուտ են «կաշի փոխում», որ չես էլ հասցնում հստակ տարբերակել՝ որն ինչ կողմորոշման է պատկանում: Այս իմաստով՝ փայլուն օրինակ կարելի է համարել, ասենք, նույն ՀՅԴ-ին, որը, նախքան ՀՀԿ-ի հետ համաձայնության գալը՝ ընդդիմադիրի այնպիսի դիմակով էր հանդես գալիս, որ թվում էր՝ էլի մի փոքր, ու կարող է ֆիզիկական բախում լինել իշխողների ու «ընդդիմադիր» ՀՅԴ-ի միջև: Թե ինչ եղավ հետո, բոլորիս աչքի առաջ է:
Ինչ վերաբերում է մինչև վերջ «ընդդիմադիր» խաղացողներին՝ ասենք ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՎԿ-ին ու նույնիսկ «Ժառանգությանը», կամ ոչ այնքան տարեց «Ալյանսին», «Լուսավոր Հայաստանին», «Համախմբումին» և այլն, ապա այստեղ պետք է նկատել, որ, առհասարակ, ծավալվելու անհրաժեշտություն չկա. վերջին ՏԻՄ ընտրություններն ու դրանցում այս կուսակացությունների գրանցած խայտառակ արդյունքներն արդեն իսկ հստակ փաստարկ ու ապացույց են այն բանի, որ ժողովրդի աչքում սրանք, նույնիսկ «Հանրապետականից» էլ առավել, վարկաբեկված են, ու ոչ ոք առանձնապես սրանց հետ հույս չի կապում, ինչն ուղղակի գնահատականն է այն կեղծավորության, երեսփոխանության ու անսկզբունքայնության, որ բնորոշ է բոլոր վերոհիշյալ քաղաքական ուժերին:Ճիշտ է՝ ասենք նույն ՀՎԿ-ն, համաձայն չոր վիճակագրության, ՏԻՄ ընտրություններում ստացած ձայների քանակով երրորդ տեղն էր զբաղեցրել, բայց առանձնակի խորաթափանցություն հարկավոր չէ ունենալ՝ հասկանալու համար, թե ինչի հաշվին էր այս կուսակցությանը հաջողվել յուրատեսակ ռեկորդ սահմանել…
Ասել կուզի՝ մեզանում կուսակցություններն իրենց դարն այլևս ապրել են: Ապրել ու վարկաբեկվել են այնպես, որ ներկայում ոչ մի իրեն հարգող մարդ կամ ուժ չի ցանկանում ասոցացվել որևիցե կուսակցության հետ: Վերջիվերջո, պատահական չէ, որ, ասենք՝ համաժողովրդական ծավալներ ընդունած այնպիսի շարժում,ինչպիսին նույն «Էլեկտրիկ Երևանն» էր, այդպես էլ, չնայած կուսակցությունների անթաքույց ջանքերին, չկուսակցականացվեց. մարդիկ հաստատակամորեն չկամեցան ասոցացվել որևիցե կուսակցության հետ:
Եվ ուրեմն՝ այսքանից հետո բնական հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից, կամ ի՞նչ է անհրաժեշտ անել՝ վերբեռնելու երկրի հասարակական-քաղաքական դաշտը, որի առողջացումը բխում է անխտիր բոլորի շահերից: Միակ ելքն, ըստ էության, համապատասխան գործունեություն ծավալելու նոր ու յուրատեսակ ֆորմատի ի հայտ գալու մեջ է, վերկուսակցական միավորների, որոնք կկրեն ոչ թե մասնակի, այլ համազգային բնույթ՝ իրենց ներսում միավորելով այն բոլոր առողջ ուժերին, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով: Ապագան, վստահաբար, հենց այսօրինակ բնույթի կառույցներինն է լինելու, որոնք զերծ կլինեն այն ամեն բացասականից, այն նեղմիտ մտածելակերպից ու, ամենակարևորը՝ կասկածելի անցյալից, որով բնորոշվում են ներկայիս կուսակցությունները: Իսկ այն, որ նման մի շարժման հասարակական անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, առանձնապես գաղտնիք չէ, ինչն արդյունք է այն համընդհանուր գիտակցման, որ առանց համազգային միասնության ու համախմբվածության՝ հնարավոր չի լինելու հաղթահարել այն բոլոր արգելքներն ու դժվարությունները, որ ծառացել են Հայաստանի առջև. միանալ է պետք…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ