Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել մեր հասարակության տրամադրություների մեջ, հատկապես՝ Ռուսաստանի հանդեպ, որի վաճառած սպառազինությամբ տասնյակ հայորդիներ նահատակվեցին ապրիլի առաջին օրերին։

 

Նույնիսկ Հայաստանի երկչոտ իշխանությունը բարձրաձայնեց Մոսկվայի քաղաքականության անընդունելիության մասին։ Ռուսաստանի պաշտոնյաներն այս հարցից սրտնեղում են՝ թերեւս համարելով, որ վասալն իրավունք չունի տիրոջն անհանգստացնել ավելորդ հարցերով։

 

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին նույնպես երեկ դուր չեկավ, երբ լրագրողները բարձրացրեցին Ադրբեջանին մատակարարվող սպառազինության հարցը։ «Այո, Ռուսաստանը իրոք զբաղվում է զենքի վաճառքով: Եվ ի՞նչ: Դա չի նշանակում, որ մենք հատուկ ենք վաճառում, որ այնտեղ կռիվ լինի, պետք է ղարաբաղյան խնդիրն արագորեն լուծել, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Ռիժկովը։

 

Այս պատասխանը կարող էր տալ որեւէ քաղաքացի, բայց ոչ մեկը, ով պետական կարգավիճակ ունի եւ բազմամյա փորձառություն։
Շրջանցվում է այն կարեւոր հանգամանքը, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական եռանախագահության երկրներից մեկն է ու կողմերին ոչ թե սպառազինելու, այլ հաշտեցնելու խնդիր ունի։ Այն փաստարկը, թե իբր Ռուսաստանը վերահսկելի է պահում հակամարտության կողմերի սպառազինության գործընթացը՝ որեւէ քննադատության չի դիմանում։ Նույն տրամաբանությամբ՝ կարելի է պնդել, որ կողմերին սպառազինելու միջոցով՝ Մոսկվան «թեժ» է պահում հակամարտությունն՝ այն ծառայեցնելով իր շահերին։

 

Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից՝ Ռիժկովն ու Ռուսաստանցի մյուս պաշտոնյաները, թերեւս, «մոռանում» են, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է եւ ՀԱՊԿ պայմանագիրը ենթադրում է աջակցություն՝ անդամ երկրին, որին արտաքին վտանգ է սպառնում։ Ավելորդ է ասել, որ ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանը չունեցավ անգամ ՀԱՊԿ գործընկերների բարոյական, քաղաքական աջակցությունը։ Սակայն ավելի արտառոց է, երբ թշնամիդ քո դեմ օգտագործում է դաշնակցիդ մատակարարած զենքը։ Սա թերեւս չկրկնվող դեպք է միջազգային հարաբերություններում։ Օրինակ, հիմա ակնհայտ ճգնաժամ է նկատվում Արեւմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում, սակայն անկարելի է պատկերացնել, որ ԱՄՆ-ը կամ Եվրամիության որեւէ երկիր կարող է ինչ-որ պետության զինել՝ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի դեմ։

 

Կոնկրետ Ռիժկովի հետ կապված՝ առկա է նաեւ բարոյական խնդիր։ Նա ՀՀ ազգային հերոս է, սակայն այդ կարգավիճակը նրան որեւէ կերպ չի պարտավորեցնում՝ գոնե հրապարակային խոսքի մակարդակում։ 

 

Սարգիս Հակոբյան