Հայաստանյան իրականությունում, համաձայնե՛ք, կան պաշտոնյաներ, միանգամայն կասկածելի դեմքեր, որոնց անունը ժողովրդի շրջանում, որպես կանոն, ասոցացվում է բացառապես չինովնիկական ամենաթողության, թալանի, անթաքույց սրիկայության հետ: Թե ինչով է դա պայմանավորված, այնքան էլ դժվար չէ կռահել. բավարար է ընդամենը խոշորացույցի տակ առնել այս կամ այն վարկաբեկված պետական պաշտոնյայի կողմից ղեկավարվող կամ նախկինում ղեկավարված ոլորտը, որպեսզի հասկանալի դառնա, թե նմանների համար ինչ արժեք կամ նշանակություն ունի «պետական ծառայություն» կոչվածը:


Սրանք, որպես կանոն, պետությանը վերաբերվում են որպես սեփական հոր բոստանի ու անում ամեն ինչ՝ առավելագույն օգուտ քաղելու, անձնական ինչք դիզելու, ոլորտի հերն անիծելու՝ թքած, թե այդ ընթացքում քանիսը կդժբախտանան, քանի ճակատագիր կկործանվի, իրենց նմանօրինակ գործելաոճով ինչ չափի վնաս կհասցնեն պետությանը. կարևորը պարարտանալն է՝ ոչինչ, որ շատակերությունը կարող է և ֆիզիոլոգիապես արտահայտիչ չլինել:


Թե ինչպես պատահեց, որ Հրայր Թովմասյանը կարողացավ ներս սողոսկել Հայաստանի պետական կառավարման ապարատ, վարկածներն այնքան էլ շատ չեն: Ոմանք դա համարում են զուտ պատահականություն, ոմանք՝ ճակատագրի հեգնանք, որոշներն էլ Թովմասյանի առաջխաղացումը որակում են որպես պետական կոռուպցիայի դասական դրսևորման արդյունք:Իսկ թե հատկապես որն է այս երեք վարկածներից՝ խելքին ամենամոտը, կիմանա, թերևս, միայն ինքը՝ Թովմասյանը, բայց, որ նրա մուտքը պետական կառավարման համակարգ՝ որևիցե կերպ դրականորեն չի ազդել դրա առաջխաղացման կամ կայացման վրա, փաստ է. թե՛ արդարադատության նախարար եղած տարիներին, թե՛ հիմա՝ Թովմասյանն ընդամենը մեկ նպատակ է հետապնդել՝ ի հաշիվ պետության, ի հաշիվ պետական կառավարման արդյունավետության ինքնահաստատվել, ձեռքի հետ էլ ֆինանսապես «թռփոշանալ», ընդ որում՝ անել այդ ամենն այնպես, որ այլևս հեղինակությունների կարիք չզգա, իրեն պետությունում բացարձակ ինքնիշխան հռչակի ու ինքնաներշնչվի, թե այս արևի տակ չի կարող լինել գեթ մեկն, ով կհանդգնի իրեն ուղղություն ցույց տալ կամ նույնիսկ պաշտոնի նշանակել, կամ, առավել ևս՝ ազատել:


Այսպես՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի թոշակի գնալուց հետո ՍԴ անդամ է դառնալու ինքը՝ Թովմասյանը, վերջինս ասել է, թե միշտ ինքն է որոշում՝ ինչով է զբաղվելու կամ ինչ է անելու, որից կարելի է հետևություն անել, որ դեռ չի ծնվել այն մարդը, որ կհանդգնի իրեն ուղղություն ցույց տալ, թելադրել՝ ինչ անել, որտեղ աշխատել:


Թե հատկապես որն է Թովմասյանի այսօրինակ ինքնավստահության աղբյուրը, անկեղծ ասած՝ այնքան էլ հասկանալի չէ: Ո՛չ հիմա, երբ ոչ բարով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է, ո՛չ էլ արդարադատության նախարար եղած տարիներին սույն չինովնիկը երբևիցե չի կարողացել աչքի ընկնել որևիցե ոլորտային ձեռքբերմամբ: Ավելին՝ հասցրել է այնպես այլանդակել համակարգերը, որ մարդ ապշում է՝ որքան վնասական կարող է լինել մարդ արարածը, երբ նրանում բացակայում են զսպման այն ներքին մեխանիզմները, որ բնությամբ սահմանված են յուրաքանչյուրիս մեջ: Իսկ այն, որ այս առումով մեզանում Թովմասյանի հետ ոտք գցելու ունակ պաշտոնյաների թիվն այնքան էլ մեծ չէ, ակնհայտ իրողություն է. դժվար կարելի է գտնել ևս մեկ հայ պաշտոնյայի, ով նույնքան սկանդալային անցյալի ու անբարեհույս ներկայի տեր լինի, որքան այս մեկն է. ակամա պիտակավորվելուց մինչև անբարոյական օրենքներ առաջ քաշելը, դատական քաշքշուկների մեջ ընկնելուց՝ մինչև պետական փողերի մսխում:


Այո՛, դժվար է հավատալ, բայց այս ամենն, իրոք, անցել է Թովմասյանի գլխով, ինչը, սակայն, դատելով նրա վերջին հայտարարությունից, ամենևին էլ բարենպաստ ազդեցություն չի թողել Թովմասյանի աշխարհայացքի վերաձևման վրա: Համաձայնե՛ք՝ նույնիսկ բազմավաստակ անձինք կամ սիրված հանրային դեմքերը չեն կարող իրենց այսպիսի ազատություն ու անկաշկանդ վարք թույլ տալ, որքան՝ Թովմասյանը: Չնայած՝ չի բացառվում, որ նրա՝ լպիրշության աստիճանի հասնող հայտարարության հիմքում ընկած լինի ունեցած այն թյուր համոզմունքը, թե ազգի մեծ բարերար է, հերոս. երևի շատ է ներշնչվել ապրիլյան պատերազմի օրերին Արցախին նվիրաբերած «բլած» մեքենայով, երբ միանգամայն նպատակամիտված կերպով բացառապես ինքնագովազդվելու նպատակով սեփական մանկլավիկների միջոցով տեղեկություններ էր սպրդեցրել մամուլ իր այդ «հերոսության» մասին, հետո էլ «համեստորեն» տրտնջացել, թե ինչու են իր անվան շուրջ անհարկի աղմուկ բարձրացրել: Ցավոք, կեղծավորությունը մեզանում չափազանց լայն տարածում ունի, ինչի հետևանքով էլ շատ հաճախ ականատես ենք դառնում նման արգահատելի դեպքերի...


Այսքանից հետո մնում է, պարզապես, լավատեսորեն հուսալ, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կգտնվեն մարդիկ, ովքեր վերջապես կկարողանան Թովմասյանին իր՝ բնությամբ սահմանված տեղը ցույց տալ ու հասկացնել, որ սեփական գլխից վերև թռչողների վերջը, որպես կանոն, ողբերգական է լինում. չարժե կորցնել իրականության զգացողությունը. դա հղի է միանգամայն անկանխատեսելի վտանգներով...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ