«Աշտարակ-կաթ» ընկերությունը սնանկացման եզրին չէ, բայց ֆինանսական դժվարություններ ունի»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աշտարակ-կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանը:

 

«Գործարանի աշխատանքները չեն դադարեցվել, պարզապես թողարկվող արտադրանքի քանակն է սահմանափակվել: Ունենք զարգացման ծրագրեր, սպասում ենք վարկային միջոցների, ներդրումների, կամ՝ կառավարության օժանդակությանը»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ newsbook.am կայքը հրապարակել է տեղեկություն, որ «Աշտարակ-կաթ» գործարանը մի քանի օր է՝ դադարեցրել է արտադրությունը:

Մեր հարցին ի պատասխան՝ Արթուր Առաքելյանը փաստեց, որ աշխատավարձերը չեն վճարվել և հավելեց.

 

«Քանի որ ընկերությունը գտնվում է ֆինանսական բարդ վիճակում, բնականաբար, պետք է առողջացման ծրագիր անի, որի մեջ նաև մտնում է աշխատողների կրճատումը: Կան աշխատողներ, որոնք իրենց ցանկությամբ են դուրս եկել, և կան աշխատողներ, որոնք կրճատվել են: Տեղի է ունեցել օպտիմիզացիա: Աշխատավարձերի վճարման մի փոքր ուշացումներ եղել են, հիմա էլ կան»:

 

Ըստ Արթուր Առաքելյանի՝ պատճառը վերջին երեք տարիներին կրած վնասներն են, որոնց արդյունքում ընկերությունը պարտքեր է կուտակել: Չի կարողացել գին բարձրացնել, քանի որ գնի բարձրացումը լուրջ ազդեցություն կունենար սպառողի վրա: Հումքի գները աճել են, արտադրանքի գինը մնացել է կայուն, ու արդյունքում՝ ընկերությունը վնասներ է կրել:

 

Հիշեցնենք, որ «Աշտարակ-կաթ» ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանին: