Ազգային տուրքի այս գաղափարը չպետք է կապել ոչ ստվերի դեմ պայքարի, ոչ էլ այլ խնդրի հետ: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին «Ժառանգական» Ռուբեն Հակոբյանը, ով իր ելույթի մի մասն ուղղեց նախագիծը քննադատողներին:

 

Հիշեցնենք, որ Աժ-ում շարունակվում է ՀՀ ԶՈՒ զոհված և հաշմանդամ զինվորներին փոխհատուցման հիմնադրամ ստեղծելու մասին նախագծի քննարկումը:

 

«Տպավորություն է, որ բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում, որտեղ պատգամավորներն անողոք են քննադատությունների նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այդ մրցավազքն իզուր է անցկացվում, քանի որ վստահ է՝ նախագծին դեմ քվեարկողները միանիշ են լինելու:

 

Այնուհետև դիմելով նախագծին դեմ արտահայտվողներին՝ հավելեց.

 

«Դուք նախ ինքներդ ձեզ պետք է վստահեք, ու հասկանաք, որ սա զինվորին ու բանակին սատարելու ծրագիր է, գաղափար, որը միտված է բանակը պահելուն: Մենք պետք է հասկանանք, որ պաշտպանված զինվորը կարևոր է: Մենք պետք է հասկանանք, որ բանակին պետք է կարողանանք ինքներս պահել»,- հայտարարեց Ռ. Հակոբյանը:

 

Անդրադառնալով քննադատություններին, պատգամավոը նկատեց, որ մինչ ԱԺ-ում նախագծի հայտնվելը, սա լավ նախագիծ էր, բայց բավական էր, որ հայտարարվեր, թե սա մուրացկանություն է՝ ուզվորություն, բոլորը սկսեցին պախարակել:

 

«Պատերազմի մեջ գտնվող յուրացումները՝ նշանակում է մոռանալ բոլոր սրբությունները: Ի՛նչ եք գլուխ ջարդում, թե սա ուզվորություն ու մուրացկանություն է: Ի՛նչ եք բանակի վրա ցեխ շպրտում: Բանակի խնդիրները չեն տեսնում նրանք, ովքեր չեն ուզում դա տեսնել: Եկեք այս չեմպիոնատում խաղեր չտանք ու խնդրին լուրջ մոտենանք»,- ասաց նա:

 

Շարունակելով խոսքը՝ պատգամավորն ընդգծեց, որ արդեն մի շաբաթից ավելի է, ինչ նախագիծը շրջանառության մեջ է դրվել, և այն անթերի է մնացել, մինչև որ հայտարարվեց, թե սա մուրացկանություն է. «Բա էդ ժամանակ ո՞ւր էիք: Կարողացաք մի եզրույթ գցել, թե սա մուրացկանություն է, ուզվորություն ու վերջ, իսկ մարդիկ սկսեցին դեֆորմացնել այս գաղափարը: Բա ամեն ինչ բացատրեիք, բա ասեիք՝ ի՞նչ է սա նշանակում: Բարի եղեք՝ բացատրեք, որ կա վերահսկողական մեխանիզմ ու բացատրեք, թե ինչ է հիմնադրամը: Սա հակաէկոլոգիական ու հակահիգիենիկ է: Մենք չարության դաշտում ենք ապրում, իսկ դա ծնում է անվստահություն, որը կա մտավորականի ու իշխանության նկատմամբ: Բավական է չարիքի մեջ ապրենք: Իմ համոզմամբ՝ սա ոչ թե ազգ -բանակ գաղափար է, այլ բանակ- պետություն, որովհետև Նդժեհի հավատամքի հիմքում ևս ընկած է այդ եզրույթը: Դա մեր ընտրությունը չէ: Մենք ճակատագրով այսօր ազգ-բանակ ենք դարձել, բայց պետք է դառնանք՝ բանակ-պետություն»,- ասաց նա:

 

Ամփոփելով՝ Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ ինքը կողմ է պարտադիր սկզբունքին, և, որ դա պետք է լինի պարտադիր՝ կամավորի հիմքում: Նա վստահություն հայտնեց նաև, որ դահլիճում նստածներից և ոչ մեկը դեմ չէ նախագծին, պարզապես կա վստահության խնդիր, ինչն էլ քննադատությունների տեղիք է տալիս: «Չեմ կարծում, որ մեկ միլիոն աշխատավարձ ստացողը կզլանա չորս հազար դրամ մուծել հիմնադրամին: Պարզ հաշվարկով՝ բավականին լուրջ գումար է կուտակվում, որը կարող ենք ուղղել ոչ միայն հաջորդ գործողությունների հետևանքով առաջացած, այլև դրան նախորդող դեպքերի ժամանակ վիրավորված ու զոհված զինվորներին: Մի՛ մտածեք, որ վատ կլինի, մի մտածեք, թե սա հօգուտ իշխող մեծամասության ենք անում, այլ մտածեք, որ սա հօգուտ պետականության ու բանակի ենք անում»,- եզրափակեց նա: