Հաշվի առնելով ՀՀ ժողովրդագրական խնդիրներն ու ռազմաքաղաքական միջավայրը, մեր ԶՈՒ-ում խառը համալրման սկզբունքը դեռևս երկար է տևելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսինքն՝ մենք ունենալու ենք և պայմանագրային զինծառայողներ և ժամկետային զինծառայողներ։ Բայց այստեղ, պրոֆեսիոնալ բանանկ ասելով, պետք չէ ի նկատի ունենալ միայն դրամական խրախուսումները, այնտեղ կան բազաթիվ կոմպոնենտներ։
Ինչ վերաբերվում է ատեստացիոն համակարգին, ապա այն պետք չէ կապել միայն հավելավճարի հետ։ Առաջին հերթին անհավասար պայմաններ են լինելու միևնույն պաշտոն զբաղեցնողների մեջ, պրոֆեսիոնալ առաջընթացն է խոչընդոտվելու։ Նորություն չէ, որ մեր ԶՈՒ-ում սահմանային ստորաբաժանումները լրացվում են հենց սահմանային բնակչությամբ, որպեսզի լուծվեն սոցիալական և անվտանգային խնդիրներ», - ասել է նա։
Ինչ վերաբերվում է ՊՆ-ի կողմից առաջարկված «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, ապա այն «Ես եմ» ծրագրի շարունակությունն է, որը, ինչպես ձևակերպել է Օհանյանը, «քանդվել է գործող իշխանությունների կողմից»։
«Մենք, սակայն, «Պաշտպան հայրենյացին» կողմ ենք քվեարկել», - հավելել է նա։